Այս օրերին 6-րդ տարին է բոլորում արդի աշխարհի ամենաարյունալի հակամարտությունը՝ սիրիական հիմնախնդիրը: Ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաշվարկների՝ անցյալ 6 տարիների ընթացքում սիրիական պատերազմը հասցրել է խլել 321հազ. 358 մարդու կյանք, այդ թվում՝ 96 հազ. խաղաղ բնակչի, որից 17 հազ 400 երեխայի և շուրջ 11 հազ. կանանց: Իսկ UNICEF-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. ամենաողբերգականն էր սիրիացի երեխաների համար:

 

Բացի նշվածից, սիրիական հակամարտության ողջ ընթացքում փախստական կամ ներքին տեղահանված են դարձել այդ երկրի բնակչութան շուրջ կեսը՝ ավելի քան 10 մլն. մարդ, իսկ նյութական վնասները, տնտեսական կորուստները, տարբեր տվյալներով, գնահատվում են ավելի քան 300 մլրդ դոլար:


Եվ թեպետ սիրիական հակամարտությունը ներկայում թևակոխել է որակապես նոր շրջափուլ, 2016. դեկտեմբերի վերջից Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հովանավորությամբ հիմնականում գործում է այս հիմնախնդրի շրջանակներում ձեռք բերված ամենատևական և արդյունավետ հարաբերական հրադադարի ռեժիմը, Աստանայում, Ժնևում վերագործարկվել են խնդրի կարգավորման քաղաքական գործընթացներ, այնուամենայնիվ, խոսել այս այրունախում թնջուկի մոտալուտ հանգուցալուծման մասին դեռ բավական վաղ է:


Առկա է որոշակի առաջընթաց հակահաբեկչական պայքարում՝ հատկապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որի հանդեպ հաջողության նորանոր դրևորումների ականատես կլինենք առաջիկա մի քանի ամիսերի ընթացքում: Մինչդեռ Սիրիայում ձևավորված որոշ հանգամանքների, երկրի քաղաքական ապագայի և մի շարք այլ սկզբունքային հարցերի շուրջ շարունակում են խորքային տարաձայնություններ մնալ հակամարտության ինչպես ներսիրիական, այնպես էլ հիմնական արտաքին դերակատարների միջև:


Հետևաբար հիմնախնդրի շրջանակներում առկա իրողությունները, ծավալվող գործընթացներն ու ակնկալվող զարգացումները վստահաբար դեռևս թույլ են տալիս կանխատեսելու, որ 2018-ին ևս միջազգային մարդասիրական կառույցները ստիպված են լինելու հաղորդել մերօրյա մեծագույն մարդասիրական աղետի հասցրած նորանոր վնասների մասին թարմացված տվյալներ:

 

Արմեն Պետրոսյան