ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Հատվող զուգահեռների պոետը...

Չարենցն այն ճշգրիտ ու դասական օրինակն էր, երբ մարդն ու հանճարը ապրում էին զուգահեռ ու հաճախ նաև ՀԱՏՎՈՒՄ։ Ահա նման մի դրվագ.

«Իմ զտումը Չարենցի իմ դեմ պատրաստած մեքենայությունների արդյունք էր։
Ես ու Չարենցը երկար տարիներ մտերիմ ընկերներ էինք եւ իբրեւ գրողներ փոխադարձաբար գնահատում էինք իրար ու հարգում։
Այդ այնքան ժամանակ, երբ դեռ չէր սկսել իր այլանդակ սեռական սանձարձակությունները։ Իսկ այն օրվանից, երբ սեռական կյանքում այլասերվեց, խտրություն չդնելով մարդկային երկու սեռերի միջեւ, օրիորդների հետ սկսեց ատրճանակի լեզվով խոսել եւ սրա- նրա վրա կրակել, հետո բանտարկվել` ես թողի նրա բարեկամությունը եւ մի ֆելիետոն գրեցի նրա մասին, որի պատճառով թշնամացանք, եւ նա ձեռքի տակի բոլոր միջոցներով աշխատեց իր վրեժը լուծել ինձանից։
Իմ զտումը կազմակերպեց եւ ինքը անձամբ դուրս գալով բազմամարդ դահլիճում, փրփուրը բերանին ինձ վրա հարձակվեց, անվանելով ինձ «դաշնակցական», «ողորմելի գրչակ» եւ այլն, ու դրա հետ մեկտեղ հայհոյանքի այնպիսի տարափ, որ ոչ մի պատվավոր հավաքույթի պատիվ բերել չէր կարող, եւ վերջում էլ նախագահողին հրամայեց զրկել ինձ վերջին խոսքից, պաշտպանվելու իմ անկապտելի իրավունքից։
Ահա ձեզ մի տաղանդավոր բանաստեղծ, որ իմ նկատմամբ դարձավ տաղանդավոր զրպարտող»։

Լեռ Կամսար
02.05. 1955թ.