Հայաստանում, ըստ էության, քարոզարշավի անհրաժեշտություն չկա։ Կարելի է միանգամից նշանակել ընտրությունների օրն ու գնալ քվեարկության։ Քարոզարշավի անհրաժեշտություն չկա այն միակ եւ պարզ պատճառով, որ մեր քաղաքական դաշտում մշտապես նույն ուժերն ու անհատներն են, որոնց գործունեությանը, կատարած աշխատանքին ծանոթ է մեզնից յուրաքանչյուրը։
Եթե քարոզարշավի գլխավոր նպատակն այն է, որպեսզի ներկայացվեն քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, ապա դա կարելի է անել մամուլով, սոցիալական կայքերով կամ մեդիա դաշտում' ընդհանրապես։ Նախընտրական քարոզարշավի համար գումարներ ծախսել, եւ շրջել Հանրապետության ամբողջ տարածքով' պետք չէ։ Չկա կարիքը։ Նաեւ, նախընտրական քարոզարշավը չէ, որ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ուղղորդի ընտրության' այս կամ այն կուսակցության կամ քաղաքական ուժի օգտին։ Մեր երկիրը շատ փոքր երկիր է, որտեղ մնացել է մի "մառշռուտկա" հայ, որտեղ եթե մեկը փռշտում է, ամբողջ ազգով ասում ենք, -Առողջություն...այսինքն, մեծ հաշվով, բոլորն էլ միմյանց ճանաչում են։
Մեր երկրին քարոզարշավ պետք չէ! Մեր երկրին պետք է միայն մեկ բան. ի վերջո, դառնալ իսկապես բարեկեցիկ երկիր, յուրաքանչյուր հայի (այլ ոչ թե հայերի մի փոքր մասի) երազած ծաղկող երկիրը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է խաղալ ճիշտ կանոններով' համախմբվել քաղաքական ուժերին, վերջապես մտածել միայն երկրի ու ժողովրդի մասին, եւ միայն այդ ժամանակ յուրաքանչյուր հայ հպարտությամբ կասի, որ ինքն Ազատ ու Անկախ Հայաստանի բարեկեցիկ Հանրապետության իրական տերն է, եւ գեղեցիկ երկրներից մեկի հպարտ քաղաքացին...