Ամռան տապը հազիվ ճեղքելով' ծաղկեվաճառ կինը մոտեցավ ստվերում անգործ կանգնած, ու երիտասարդ տղաներին գողտրիկ հայացքներով շոյող սրճարանի աշխատող օրիորդներին' Սիրանուշին ու Մանեին:

 

 

- Ծաղիկ առեք, լավություն արեք,- աղերսագին խնդրեց նա:
Օգտվելով հաճախորդների ու տնօրենի բացակայությունից' աղջիկները որոշեցին օգնել կնոջը: Կանգնեցին դռան մոտ ու կիսաբարձր, քաղցր ձայնով դիմեցին անցորդներին.
- Օգնեք մորաքրոջը' ծաղիկ գնեք մեզ համար…
Բոլոր անցորդներն անխտիր, տարօրինակ ու զարմացած իրենց հայացքներով, ձուլվեցին տեսարանին, ու դադարեցրին իրենց քայլերը:
- 100 դրամ' մեկ վարդի դիմաց,- ոգևորվեցին բարեգործ օրիորդները:
- Հա, հա թանկ չեմ ասում, ընդամենը 100 դրամ,- իր հերթին ավելացրեց կինը:
Վայրկյաններն անցնում էին, հետաքրքրասեր անցորդների թիվն ավելանում էր, բայց ոչ ոք իր գրպանին նեղություն չէր ուզում տալ:
- Ես շտապում եմ, բայց ուզում եմ տեսնել վերջն ինչ է լինելու,- զգացմունքային մի տիկին չկարողացավ չարտահայտվել, ու շարունակեց հետևել ծաղիկների կյանքի շարունակությանն ու բախտին…
Աղջիկները նայում էին գեղեցիկ, արևավառ վարդերի կիսաբաց աչիկներին և ցանկանում տիրել նրանց…Մի քանի օր լինել ծաղիկների ընկերը… Իսկ ծաղիկների անուշ բուրմունքն ստիպում էր օրիորդներին էլ ավելի առույգ ու ժպտերես հայացքով դիմել անցորդներին:
Հանկարծ, ամեն ինչից կարծես անտեղյակ, չգիտես թե որտեղից մի բարետես ու թիկնեղ երիտասարդ բուսնեց աղջիկների առջև.
- Կներեք, ձեզ մոտ լահմաջո կա՞…
- Ոչ,- բարեհամբույր տոնով պատասխանեց Մանեն ու ավելացրեց,- իսկ դուք չէի՞ք ցանկանա վարդեր նվիրել մեզ' օգնել այս տիկնոջը… լահմաջո չունենք, բայց Ձեզ քաղցած չենք թողնի…
- Ես սիրում եմ կարմիր վարդեր նվիրել, բայց ինչ արած, այս անգամ էլ դեղին վարդեր կնվիրեմ,- ժպտալով ասաց երիտասարդն ու տաս հազարանոցը մեկնեց Մանեին,- յուրաքանչյուրիդ տասնհինգական վարդ…
- Մանեն ու Սիրանուշն այնպես զարմացան այդ շռայլությունից, որ մի պահ մոռացան անգամ բարի երիտասարդին ներս հրավիրել…
Ծաղկեվաճառ կինն արագ-արագ ջոկեց փնջի ամենագեղեցիկ 30 վարդերը, մեկնեց աղջիկներին, վերցրեց իրեն հասանելիք գումարն, ու անհետացավ անցորդների շարքերի մեջ' աչքերում տանելով հույս և գոհունակություն…
Բոլոր կանգնածները մի մարդու նման ծափահարեցին' չգիտես' համառ ու գթասիրտ աղջիկների՞ն, թե՞ բարի ու անկաշկանդ երիտասարդին… Կարևորը' բոլորը ցրվեցին ուրախ, իրենց հետ տանելով մի փունջ ժպիտ, որը դեռ երկար կյանք պիտի ունենար' մարդկանց հոգսաշատ ու երիտասարդ օրերի խենթությունների կարոտ աչքերում:
Այդ մեկ օրն իրոք տարբերվեց մնացյալ 365 օրերից… Այն մնաց ներկաների հիշողության մեջ ' որպես գեղեցիկ ճշմարտություն…

 

 

Նարէ Աթոյան