Դատելով ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններից, ինչպես նաև Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրություններից՝ հասկանալի է դառնում, որ ադրբեջանական կողմը առաջնագծում իր հաշվարկների ձախողումը փորձելու է քողարկել քարոզչությամբ:

Օրինակ՝ այսօր տեղեկություն է տարածվում, որ իբր Ադրբեջանի զինուժը հենակետ է շարքից հանել, որին Սենոր Հասրաթյանը հանգամանորեն պատասխանել է՝ այն որակելով «բեմականացված ապատեղեկատվություն»:

Չի բացառվում, որ այս տեղեկատվության շրջանառումը պարարտ հող նախապատրաստելու միտում ունի քարոզչական հաջորդ ալիքի մատուցման համար: Ամենայն հավանականությամբ հաջորդը կլինի տեսանյութերի տեսքով, որոնք լինելու են փնթի, պրիմիտիվ մոնտաժի արդյունքում ծնված քարոզչական հոլովակներ, մոտավորապես այնպիսի տրամաբանությամբ, ինչպիսին բեմադրել էր Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որ անձամբ կանխել էր իբր դիվերսիոն ներթափանցման փորձ: Զաքիրի «հեղինակած» տեսանյութից անհասկանալի էր, թե որտեղ է այդ տեղանքը, ինչ խնդիր են իրականացնում, արդյոք դա հակառակորդ կողմից է, թե ինչ-որ ադրբեջանական պալիգոնում, մի խոսքով՝ անտրամաբանական ինչ-որ «էքշըն»: Հիմա էլ չի բացառվում, որ անհասկանալի տեղանքում ինչ-որ պայթյուններ բեմադրվեն՝ կադրերի կրկնություններով և ձայնային էֆեկտներով:

Զաքիր Հասանովի այդ այցելությունը տեսահոլովակի շրջանառմամբ զուգորդված՝ հասկանալի է դարձնում այն, որ ադրբեջանական զինուժում մարտավարություն է փոխվել՝ «պետք է զարկ տալ սուտ քարոզչությանը»:

 

Վահագն Սարոյան