Այսօր իր հերթական ուղերձում Հայաստանում քաղաքական ապաստան ստացած թալիշ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, Թալիշական ազգային շարժման անդամ Շահին Միրզաևը հանդես է եկել չափազանց կարևոր և ուշագրավ հայտարարությամբ՝ առաջարկելով հայկական և թալիշական կողմերի միջև ստեղծել գործակցության բոլորվին նոր և սերտ ձևաչափ:
Համաձայն այդ առաջարկի՝ հաշվի առնելով պետականության բացակայության և հետևաբար միջազգային տարբեր կառույցներում և ատյաններում ներկայացված չլինելու հանգամանքը, Թալիշ Ժողովրդի Ավագների խորհուրդը այս ժողովրդի իրավունքների բարձրաձայնման և պաշտպանության լիազորությունը միջազգային հարթակներում կարող է փոխանցել հայկական կողմին:
Առաջարկն անշուշտ դեռևս կարիք ունի կողմերի միջև լրացուցիչ համաձայնեցման, սակայն նման վստահության առկայության փաստն ինքնին արդեն իսկ խոսում է, որ հայ-թալիշական գործակցության ասպարեզում առաջիկայում ականատեսն ենք լինելու չափազանց ուշագրավ զարգացումների, որոնք կարող են հանգրվանային լինել թալիշական ազգային-ազատագրական պայքարի ողջ պատմության և ապագայի կտրվածքով:
Վարդան Ոսկանյան