Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանը կփորձի օգտվել Հայաստանի նախընտրական քաղաքական իրադրությունից և սրելով լարվածությունը առաջնագծում՝ հնարավորինս ազդել մեր երկրի ներքաղաքական գործընթացների վրա։

 

Հաշվի առնելով վերջին շրջանում հակառակարոդի կողմից կրակահերթերի հաճախակիացման, դրանցում հավելյալ զինատեսակների ներգրավման իրողությունը՝ Ալիևի կողմից ռազմական կարճատև գործողությունների վերսկսման հնարավորությունները կտրուկ աճում են։ Մյուս կողմից, հարցն ակտուալանում է նաև մարտի 9-10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մոսկվա նախատեսվող այցելության նախաշեմին, որտեղ նա բանակցություններ կունենա ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ։

 

Այս առումով տրամաբանական է ենթադրել, որ նախատեսվող ռուս-թուրքական բանակցությունների համատեքստում արցախյան ուղղությամբ՝ առնվազն ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք ստեղծելով՝ Անկարան փորձում է դիրքային-մարտավարական առավելություններ ստանալ։ Նկատենք նաև, որ Թուրքիայի, ինչպես և Ադրբեջանի շահերին հակասում են Ռուսաստանի վերջին տնտեսական նախաձեռնությունները՝ հարավկովկասյան տարածաշրջանային այլընտրանքային տրանսպորտային միջանցքների վերագործարկման հարցերի ուղղությամբ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ առաջին հերթին Հայաստանի ապաշրջափակման հարցում։

 

Կարեն Վերանյան