Այսօր փետրվարի 23-ն է՝ Խորհրդային բանակի կազմավորման օրը: «Սովետական» ու «պոստսովետական» քաղաքացիների մոտ սա երկար տարիներ ընկալվում էր որպես «տղամարդկանց տոն»՝ դրանից բխող հետևանքերով՝ նվերներ, շնորհավորանքներ, տոնական միջոցառումներ: Եթե ավելի անկեղծ, ապա այդ սովետական բանակի կազմավորման ու կայացման գործում սովետական կին քաղաքացիների դերն ու նշանակությունն ամենևին փոքր չի եղել, ուստի հավասարապես նաև նրանց տոնը պետք է լիներ, ինչևէ...
Արդեն վաղուց լիբերալ իմիտացիաների ու ձևապաշտության ներքո հակասովետականության ամեն դրսևորում դոմինանտ թրենդի մի մաս է: Սրա ներքո հիմա մոդա չէ այս տոնը նշելը, ինչպես նաև տղամարդկանց, ովքեր սովետական բանակում են ծառայել, շնորհավորելը: Շատերը գերադասում են մոռանալ այս օրը: Ավելին՝ երբեմն փետրվարի 23-ի շնորհավորանքները մի տեսակ վատ են ընկալվում մեր՝ շատ ժամանակակից ու մոդայիկ հասարակության որոշ շերտերում: Այդ նույն հասարակության, որի մեջ «սովետ»-ը խորքային ու ֆունդամենտալ հետք է թողել, որը 25 տարի կարծես հնարավոր չի լինում ջնջել: Հետք, որը շատ տեսանելի է մեր հասարակության կենցաղավարման, աշխատանքային, միջանձնային ու քաղաքական շփումներում:
Փաստ է, որ արդեն վաղուց «սովետական» ամեն բան վատ է ընկալվում: Դրա մեջ, իհարկե, ճշմարտության մեծագույն մաս կա: Սովետը, օրինակ, ինձ համար անարդյունավետության հետ հոմանիշվող երևույթ է: Սակայն այն միաժամանակ իմ, իմ ընտանիքի, իմ հոր ու երկրորդ համաշխարհայինին մասնակցած պապուս (ով երեք անգամ գերությունից փախել է ու վերջում սովետական բանակի հետ հասել Բեռլին) կենսագրության անքակտելի մասն է, որը ես երբեք չեմ մոռանա, սակայն, իհարկե, դրանով չեմ էլ ապրում:
Մեզանից շատերը մոռանում են, որ այդ «անընդունելի օրվա» հետ գրեթե բոլորս օրգանական կապ ունենք: Մեր հայրերը, պապերը ծառայել են այդ «սովետական բանակում», իրենց կյանքից օրեր ու տարիներ են տվել այդ բանակին, այդ պետությանը, մեզ: Հետագայում նրանց մի մասն այդ բանակի փորձառությունն արդյունավետորեն կիրառել է ՀՀ ԶՈՒ-ի ձևավորման գործում: Իրականում սովետական բանակն իր բոլոր առավելություններով ու թերություններով մեր բոլորի՝ ռուսի, հայի, ադրբեջանցու, ուզբեկի բանակն է եղել: Ուզում եք մոռանա՞լ... Ձեր գործն է: Ասում են՝ սեփական անցյալը մոռացողներն ապագա չեն ունենում:
Իհարկե, ոչ մեկ չի ասում, թե Սովետական միությունը մի փայլուն օրգանիզմ էր, ավելին՝ այն շատ-շատ հարցերում մեծագույն չարիք էր, ինչպիսին եղել են ու լինելու են բոլոր կայսրությունները: Սակայն տպավորություն թողնել, թե այդ ամենը մեզ հետ կապ չի ունեցել, միայն կարճ հիշողության ախտանիշ է, ուր միայն մեր հայրերի ու ծնողների վաստակն զրոյացվում է:
Իրականում այս հարցը հավանաբար շատ անձնական հարց է: Ամեն մեկն իր տրամաբանության ու բարոյագիտության ներքո է արժևորում կամ քննադատում անցյալը, իր նախնիների վաստակն ու իր ժողովրդի պատմությունը: Սակայն վստահ եմ, որ այսօր մի շարք հայ ընտանիքներում կհնչեցվեն շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ավագ սերնդի մեր հայրերին ու պապերին՝ ի նշան ընդհանուր երկրի անվտանգության ապահովման մեջ նրանց ներդրման ու վաստակի:
Հ.Գ. Մորական տատս Զեյթունի սեփական տան մեր փողոցով անցնող ռուս, ուկրաինացի, վրացի, «միջինասիացի» խորհրդային զինվորներին բերում էր տուն, «ստիպում», որ կուշտ փորով հաց ուտեն, հետները ուտելիքից մի քանի բան էր դնում, ու ասում ինձ, որ սա «իրենց ընտանիքից հեռու մեր բոլորի զինվորների փայն է»:
Ալեն Ղևոնդյան