Սիրիական հիմնախնդրի ընթացիկ շրջափուլը կարելի է բնութագրել՝ որպես ստվերային քաղաքական և ռազմական ակտիվ գործընթացների վերաձևման ժամանակաշրջան:
Մի կողմից ակտիվորեն նախապատրաստվում է ՄԱԿ-ի հովանու ներքո սիրիական հիմնախնդրի կարգավորմանը միտված ժնևյան հերթական հանդիպումը՝ կառավարական և ընդդիմության պատվիրակությունների մասնակցությամբ, մյուս կողմից՝ որոշակի տարաձայնություններ են ուրվագծվում Սիրիայի տարածքում ներկայում գործող հարաբերական հրադադարի ռեժիմի հիմնական հովանավոր հանդիսացող Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, և վերջապես ՝ սիրիական հակամարտության բոլոր առանցքային դերակատարների հայացքը դեռևս շարունակվում է ուղղված մնալ դեպի Վաշինգտոն՝ հասկանալու համար ամերիկյան նոր վարչակարգի քաղաքական ուղեգծի տրամաբանությունը սիրիական հիմնախնդրի հետ կապված:
Վերոնշյալին, անշուշտ, պետք է հավելել նաև հենց Սիրիայի տարածքում առկա ռազմական խրթին իրավիճակի նկարագրությունը: Այսպես, մեծամասամբ Սիրիայի հյուսիսում և կենտրոնում հիմնականում պահպանվում է հարաբերական հրադադարի ռեժիմը սիրիական բանակի և հակակառավարական որոշ խմբավորումների միջև, Համա, Հալեպ, Իդլիբ նահանգների որոշ հատվածներում ընթանում են ոչ այնքան ակտիվ բախումները ընդդիմադիր տարաբնույթ խմբավորումների միջև, իսկ դեպի հարավ՝ Դամասկոսում, Դարաայում պարբերաբար մարտեր են ընթանում կառավարական ուժերի, ընդդիմադիր և ծայրահեղ արմատական խմբավորումների մասնակցությամբ: Բացի այդ, հակաահաբեկչական պայքարի շրջանակներում Հալեպում (ալ-Բաբ), ալ-Ռակկայում, Հոմսում(Պալմիրա), Դեր-Զորում ակտիվ ռազմագործողություններ են ընթանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ ըստ շրջանների՝ համապատասխանաբար թուրքական զինուժի և նրան հարող ուժերի, «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» և սիրիական բանակի մասնակցությամբ:
Սիրիայում և նրա շուրջ առկա վերոնշյալ դիրքային բավական անորոշ իրավիճակի պայմաններում, կանխավ հայտարարված պայմանավորվածությունների համաձայն, փետրվարի 23-ին Ժնևում մեկնարկելու է հիմնախնդրի կարգավորմանը նվիրված հերթական միջազգային հանդիպումը, որի արդյունավետության ցուցանիշը վերը թվարկված հանգամանքների զորու, խիստ սահմանափակ է: Գործընթացին խոչընդոտող ամենաառանցքային արտաքին գործոնը, թերևս, Բաշար ալ-Ասադի արտաքին կարևորագույն հովանավորներից Իրանի և, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, նրա տարածաշրջանյին հակառակորդների(այդ թվում նաև Թուրքիայի) միջև հակասությունների սրման հերթական շրջափուլն է՝ պայմանավորված հատկապես ամերիկյան նոր վարչակարգի հակաիրանական քաղաքական ուղեգծի առարկայացման որոշ դրսևորումներով:
Այսուհանդերձ, անկախ ժնևյան հերթական ձևաչափի սահմանափակ արդյունավետության հանգամանքից, պետք է նշել, որ Հայաստանը ևս մեկնարկային բավական արդյունավետ դիրքերում է՝ միջազգային հանդիպմանն ընդառաջ: Սիրիայում ունենալով իր անմիջական շահը՝ սիրիահայ համայնքի անվտանգության, մարդասիրական, կենցաղային խնդիրների մեղմացման առաջնախնդիրը, նաև տարածաշրջանի խաղաղեցման անհրաժեշտությունը՝ նախորդ շաբաթվա ընթացքում հայկական կողմն իրականացրել է այս ուղղությամբ կարևոր մի քանի քայլ:
Նախ փետրվարի 14-ին, ապա 17-ին, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ՝ Հայաստանի անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն է առաքվել սիրիական հակամարտությունից տուժած բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական 2 խմբաքանակները:
Ապա՝ փետրվարի 17-ին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ. հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական ճգնաժամի ներկա իրավիճակին, դրա հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումներին և հեռանկարներին առնչվող հարցեր:
Ի համեմատություն նույն Ժնևում նախկինում տեղի ունեցած արդեն 3 միջազգային հանդիպումների՝ սա ակնհայտ առաջընթաց է հայկական կողմի դիրքորոշման ներկայացման և առարկայացման ուղղությամբ իրականացված գործողությունների տեսանկյունից:
Արմեն Պետրոսյան