Սպասվում էր, որ Թրամփ-Նեթանյահու հանդիպումը չէր լինելու շրջադարձային ԱՄՆ-Իսրայել համագործակցության համատեքստում։ Հանդիպման արդյունքները ցույց են տալիս, որ չնայած նախագահ Թրամփի նախընտրական խոստումներին՝ միջազգային առանցքային հիմնահարցերում Իսրայելին լիակատար աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, այնուհանդերձ, կողմերն ըստ էության, այդպես էլ չեն կարողացել գալ ընդհանուր համաձայնության գործնական հիմնական հարցերի շուրջ։
Եվ այս տեսանկյունից, այս հանդիպումը խոշոր հաշվով չէր տարբերվում Օբամայի վարչակազմի կառավարման շրջանում ԱՄՆ-Իսրայել համագործակցության ընդհանուր տրամաբանությունից և լուրջ քայլ չգրանցեց այն վերափոխելու իմաստով։ Լինելով գործարար աշխարհի ներկայացուցիչ՝ Թրամփի դիրքորոշումը Իսրայելի հետ հարաբերությունների հարցում թերևս զգալիորեն պայմանավորված կլինի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքական հարաբերությունների ու անվտանգության հարցերով պատասխանատուներից, ինչպես նաև ԱՄՆ օրենսդիր երկու ատյաններում հրեական լոբբիստական գործունեության ազդեցությունից ու հնարավոր ճնշումներից։