Այսօր ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա: Ի դեպ այդ հորինվածքին ,,միս ու արյուն,, տալու համար Բաքվի աճպարարներն, իրենց սովորության համաձայն, որոշել են, որպես ,,անհերքելի ապացույց,, կից ներկայացնել բավականին անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ մակարդակով ,,բեմադրված,, մի տեսագրություն (ինչը վերջին շրջանում կատարում են շատ հաճախ), որն, անգամ մանրակրկիտ ուսումնասիրելուց, դժվար թե դիտողը որևէ բան հասկանա...
Ինչևէ, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, բայց որ այս ամենով հանդերձ, կարծես թե՝ Ադրբեջանի ՊՆ-ն վերջնականապես կորցնում է (եթե, իհարկե, արդեն չի կորցրել) իրականությունը սթափ գնահատելու ընդունակությունը, փաստ է... Եվ վերջում մի հավելում. ըստ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից փետրվարի 12-ին տարածված պաշտոնական հաղորդագրության ,,թշնամու կողմից առաջնային դիրքերի գնդակոծությունը կանխելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆուադ Ֆարհադ օղլու Գաֆարովը,,: Այսքանից արվելիք հետևությունները թողնում ենք ձեզ...
Սենոր Հասրաթյան