Հաճախակի ենք լսում Զատիկի տոնին ընդառաջ հավկիթի թանկացման մասին, ինչքանով է ճիշտ կամ սխալ, կամ խեղաթյուրված ինֆորմացիան չգիտեմ, բայց հակված եմ հավատալ դրան, քանի որ մեր իրականության մեջ կարծես հակառակ «թարս» լինի: Տոներին ընդառաջ պետք է ապրանքաների ու ծառայությունների էժանացում նկատվի, այլ ոչ շեշտակի թանկացում:
Օրինակ' հավկիթը թանկանում է Զատկի տոնին ընդառաջ, ծաղիկը թանկանում է մարտի 8-ին, սեպտեմբերի 1-ին, «Վալենտինի» օրը, ինչպես նաև մեռելոցների օրերին: Միսը թանկանում է ամանորի նախօրյակին, ինչևէ, այս ցանկը կարող ենք շարունակել, սակայն կարևորն այստեղ տոների կամ առիթների օգտագործումն է մեծ շահույթ ստանալու համար: Մինչդեռ պետք է նաև այդ իրականությանը նայել բարոյական տեսանկյունից: Միգուցե բիզնեսի օրենքներում դա հարգի և ընդունելի է, բայց կարծեմ այդ բիզնեսից ուրիշ երկրներում էլ են անում, օրինակ եվրոպական երկրներում տոներին ընդառաջ զեղչային տարափ է սկսվում, իսկ մեր մոտ' «Զատիկին ընդառաջ ձուն է թանկանում»:
Այստեղ կարծեմ ՏՄՊՊՀ կոչվող կառույցն ունի հսկայական անելիք, ոչ միայն նման դեպքերի կանխարգելման, այլ առևտրի համակարգում մշակույթ ձևավորելու հարցում: Վերջապես մանր, միջին կամ խոշոր առևտրականը պետք է հասկանա որ Զատիկի տոնին ընդառաջ ձվի թանկացումը անընդունելի է, աչքի առաջ ունենալով նաև այսօրվա սոցիալ-կենցաղային վիճակը: Ուստի մի զրկեք մարդկանց ձու ներկելու ու Զատկի տոնին պատշաճ մասնակցելու հնարավորությունից: