Ղազախստանում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովն այսօր հայտարարել է, որ մոտակա ժամանակներս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով կմեկնի Բաքու։
Նա նշել է, որ երկու երկրների ԱԳ նախարարներն այս պահին աշխատում են Նազարբաևի այցի օրակարգի շուրջ։

 


Բաքուն ու Աստանան ունեն ընդհանուր տնտեսական շահեր'էներգետիկա, տրանսպորտ, Չինաստանի Մետաքսի ճանապարհի մաս կազմելու հանգամանքը, ինչպես նաև աշխարհաքաղաքական'ՌԴ–ին զուգահեռ զարգացնել Թուրքիայի հետ ռազմավարական կապերը'հենվելով ընդհանուր թյուրքական ծագումնաբանությամբ, լեզվի, կրոնի հենքի վրա։ Չմոռանանք, որ Ղազախաստանը 'չնայած ՀՀ–ի հետ գտնվում է ռազմա–քաղաքական և տնտեսական միևնույն դաշինքներում'ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ղարաբաղյան հարցում միշտ էլ որդեգրել է ադրբեջանամետ դիրքորոշում։

 


Անդրադառնանք տնտեսական ընդհանուր շահերին ու այդ տեսանկյունից Ադրբեջան–Ղազախստան տանդեմի ռազմավարական նշանակությանը Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի համար Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Կասպյան տարածաշրջանում։
Ադրբեջանն ու Ղազախստանը կառուցում են նոր նավթամուղ՝Եսկենե-Կուրիկ-Բաքու՝739 կմ երկարությամբ: Ղազախստանն ունի հանքային մեծ ռեսուրսներ, որոնք կազմում են 5,5 միլիարդ տոննա նավթ ու 3 տրիլիոն խմ գազ:

 


Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է նաև Անկարան: Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը, որպես տարանցիկ երկրները՝Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա՝թուրքական ապրանքները այդ թվում Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար՝Մետաքսի ճանապարհի շրջանակներում:
Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը, որպես տարանցիկ երկիր՝Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում թե Անկարային՝Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, ինչպես նաև Աստանային՝ՌԴ-ը շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:

 


Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրեն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն, ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ի հավելում Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:

 


Վերոնշյալ երկրներին կապում է պանթուրքիստական, պանիսլամական գաղափարախոսությունն ու պրագմատիկ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը: Ղազախստանը ձգտում է ՌԴ-ի ազդեցությունը հավասարակշռել մի կողմից Չինաստանով, իսկ մյուս կողմից եղբայրական՝կրոնի ու ծագման առումով Թուրքիայի օգնությամբ: Ադրբեջանն այս պարագայում լինելով Կասպյան երկիր իր տարանցքն է տրամադրում եղբայրական Ղազախստանին՝տարանցման համար ստանալով ինչպես տնտեսական օգուտներ՝դառնալով Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր օղակը:

 


Բացի այդ, Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Ղազախստանում կառուցվող Կուրիկ նավահանգստի միջև գործելու են նոր լաստանավային փոխադրումներ:Նախատեսվում է Կուրիկում՝Բաքվի նավահանգստի նման ազատ տնտեսական գոտի ստեղծել, իսկ այդ նոր ղազախական նավահանգիստն օրը սպասարկելու է մինչև հինգ լաստանավ, այսինքն տարեկան չորս միլիոն տոննա բեռ:

 


Ակտիվ են կապերը նաև գյուղատնտեսական ոլորտում՝ Ղազախստանը 2016-2017 թթ.-ին նախատեսում է ավելացնել Ադրբեջան ցորենի արտահանումն՝ այն հասցնելով 100 հազար տոննայի:
Իր հերթին, Ադրբեջանը մինչև այս տարվա ավարտ Ղազախստանի Մանգիստաուտյան նահանգում շահագործման է հանձնելու լոգիստիկ կենտրոն, որը կառուցվելու է «Azersun Holding»-ի կողմից:
Աքթաու նավահանգստում կառուցվող այդ կենտրոնը նախատեսված է տարբեր ապրանքներին, մասնավորապես մրգերի ու բանջարեղենի պահեստավորման համար, որոնք հետագայում վաճառվելու են Ղազախստանում: Այդ կերպ, Աստանան ու Բաքուն ապրապնդում ու նոր շունչ են տալիս Կասպյան տրանսպորտային միջանցքին:

 

Արտեմ Բալասանով