Սիրիայի խորհրդարանի խոսնակ Հադիե Հալաֆ Աբբասը բարձր է գնահատել Թեհրանի ներդրումը`ահաբեկչության դեմ պայքարում սիրիական բանակին ու կառավարությանը ցուցաբերած աջակցության հարցում։ Նա նշել է, որ իր հաղթանակներով Սիրիան պարտական է Իրանին։

Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա–քաղաքական միավորումը։ Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա–տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից`Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը`պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։

Սիրիան ու Հզբոլահը`Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ–ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը`Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։
Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.–ից`հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։ Պետական ԶԼՄ–ների տվյալներով, Իրանը ամսեկան 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։

Ինչ վերաբերվում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների`Իսրայելի, ԱՄՆ–ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել այսպես կոչված «շիական առանցքը», որը ձգվում է Իրան–Իրաք–Սիրիա–Լիբանան ուղղությամբ։

 

Թել–Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան–Սիրիա–Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահը Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը`իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է `ուղղված Իսրայելի դեմ։ Սիրիական հակամարտության շարունակությունն`առանց այն Իսրայելի տարածք տեղափոխելու հեռանկարի, ձեռնտու է Թել–Ավիվին, քանի որ աշխարհաքաղաքական հակառակորդ`Իրանի շահերի սպասարկող Սիրիան կազմաքանդված է, նրա տնտեսությունը գտնվում է փլատակաների տակ, իսկ Հզբոլահն Իսրայելից «շեղվելով» իր ամբողջ ուժն ու մարդկային լավագույն ռեսուրսները սպառում է սիրիական անապատներում`մարտնչելով սունիական տարբեր խմբավորումների դեմ։

Ինչ վերաբերվում է ԱՄՆ–ին, ապա Վաշինգտոնի համար շիական գործոնի ուժեղացումը նույնպես ձեռնտու չէր`այն հարվածում է ամերիկյան դաշնակիցների`Իսրայել, Թուրքիա, Ծոցի երկրների շահերին ու անվտանգությանը։ ԱՄՆ–ը հրահրելով հակամարտություններով ու ներխուժելով Իրաք ու Աֆղանստան`կազմաքանդելով այդ պետությունները էթնիկ–կրոնական սահմաններով Իրանը շրջապատել է «հակամարտության օջախներով»`արևմուտքում Իրաք, սիրիական հակամարտություն, արևելքում`Աֆղանստան`իր չդադարող «բոլորը`բոլորի դեմ» պատերազմով, իսկ Իրանի հարավում`Պարսից ծոցում(Թեհրանի հակառակորդներն այն հաճախ նախընտրում են անվանել Արաբական ծոց) ԱՄՆ–ը տեղակայել է իր ռազմաբազաներն ու 5–րդ նավատորմի կենտրոնատեղին`Բահրեյն, Մանամա նավահանգիստ։
Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա Իրանի դիրքերի թուլացումը սիրիական, իրաքյան, լիբանանյան և այլ խաղատախտակներում կօգնի լուծել Էրդողանի վաղեմի երազանքը`կառուցել Նոր Օսմանական կայսրություն ու Թուրքիայի`սունիական ազդեցության գոտին տարածել Սիրիայի հյուսիսից մինչև Եմեն։

Այսպիսով, Սիրիա–Իրան` շիական տանդեմի կազմաքանդումը բխում է մի շարք պետությունների շահերից, իսկ Թեհրանի համար Սիրիայի կորուստը կունենա ռազմա–քաղաքական լրջագույն պարտություն էֆեկտ։

 

Արտեմ Բալասանով