ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

 

Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ:

 

Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել:

 

Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել և մնում են ինձ համար առաջնային: Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ:

 

Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին:

 

Շարունակելու եմ ապրել և աշխատել հանուն Հայաստանի:

 

Աստված պահապան մեր երկրին ու հայ ժողովրդին»: