Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները:
Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա:
Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից:
Արմեն Պետրոսյան