Կլոր-կլոր աշխարհում ապրում էր բարի Կոկորդիլոսը: Նա այն կոկորդիլոսներից չէր, որ ձեռքերը կարճ են և չեն կարողանում ատամները մաքրել, ոչ: Նա երկար ձեռքեր ուներ, համ ատամներն էր ամեն առավոտ մաքրում, համ էլ հորանջելուց բերանն էր կարողանում փակել:

Բայց Կոկորդիլոսը միշտ ծարավ էր ու ուզում էր ջուր խմել: Իսկ լիճը նրա տնից հեռու էր. ամեն անգամ պետք է երկար քայլեր: Ու որպեսզի ճանապարհը շատ երկար չթվար, նա հաշվում էր ճամփեզրի քարերը «մեկ, երկու, երեք, ..., վաթսունմեկ, ..., հարյուր տասնհինգ և այլն: Ու ամեն անգամ մոռանում էր, թե երեկ ինչ թիվ էր ստացել:

Ու նա որոշեց գրառումներ անել: Ամեն օր հաշված քարերի քանակը գրում էր թղթի վրա: Իսկ շաբաթվա վերջում համեմատում էր, թե քանի անգամ է նույն թիվը ստացել: Կոկորդիլոսն այնքան էր տարվել իր հաշվարկներով, որ արդեն հաճույքով էր գնում այդ երկար-երկար ճանապարհը` ջուր խմելու:

 

Ու մի օր նա ցերեկը կրկին ծարավեց: Ախր այդպես չի լինում: Սովորաբար, երբ առավոտյան ջուր է խմում, մեկ էլ երեկոյան է ծարավում: Ու միայն երեկոյան ջրի գնալուց նոր հիշեց, որ առավոտյան այնքան է տարված եղել քար հաշվելով, որ մոռացել է ջուր խմել և ծարավ հետ է վերադարձել:

Բա~, այդքան ուժեղ էր տարվել Կոկորդիլոսը: