Հարաբերությունները հարթելու ամենատարածված միջոցը' քննարկելը, պարզվում է, որ այնքան էլ հաջող չէ, ինչքան ընդունված է կարծել: Ավելին' ձեր զրույցները կարող են հակառակ արդյունքը տալ: Շատ կանայք, հասկանալով, որ իրենց այդքան հարազատ մարդն օտարանում է, արտասանում են միեւնույն արտահայտությունը' «Մենք պետք է խոսենք»:
Նրանք առաջնորդվում են իրենց զգացմունքները քննարկելու' կանանց համար այնքան բնական ցանկությամբ: Պարզվում է' տղամարդիկ այդ առաջարկն ընդունում են որպես... քննադատություն իրենց հասցեին: Միսուրիի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց մեծ մասի կարծիքով խնդիրներն անվերջորեն քննարկելը տարօրինակ է, հիմարություն եւ ուղղակի անօգուտ:
«Քանի՞ կին կարող է անկեղծորեն խոստովանել, որ իր «Արի խոսենք» առաջարկին ի պատասխան լսել է «Ես մտածում էի, որ դու դա երբեք չես խնդրի»,- հարցնում է բժիշկ Պատրիսյա Լավը իր համահեղինակած «Ինչպե՞ս փրկել ամուսնությունը' առանց ավելորդ բառերի» գրքում (How To Improve Your Marriage Without Talking About It ): Իրականում կանանց մեծ մասը նախապես գիտի, որ տղամարդը, այդ արտահայտությունը լսելով, կնյարդայնանա, կսկսի պաշտպանվել, աչքերը ոլորել, եւ որպես կանոն, խոսակցությունն ավելի վատ վախճան կունենա, քան սկիզբն էր: Արմատները պատմության խորքում են...
Այս երեւույթի արմատները կարելի է գտնել' վերադառնալով էվոլյուցիայի ակունքներին: Կանայք հնուց ավելի խոցելի են եղել այն պատճառով, որ նրանց գլխավոր գործառույթը երեխաներ ունենալն էր, նրանք կախվածության մեջ էին խմբից, որն ապահովում էր նրանց անվտանգությունը: Հազարավոր տարիներ են անցել, բայց կինը նախկինի պես պայքարում է վախով' իր հոգսերը փորձելով կիսել ուրիշների հետ: Տղամարդիկ, հակառակը, միշտ եղել են պաշտպանողների դերում: Նրանք գիտեն, որ կանայք իրենց ընտրում են գլխավորապես պաշտպանված եւ ապահովված լինելու համար:
Այդ պատճառով տղամարդն ինքն իրեն գնահատում է այնքանով, որքանով գլուխ է հանում այդ գործառույթներից, եւ զուգընկերուհին երջանիկ է: Երբ կինը խոսակցություն է սկսում, որն ակնարկում է' հարաբերություններում խնդիրներ կան, տղամարդը դա ընկալում է որպես նշան, որ ինքը գլուխ չի հանում իր «առաքելությունից»: Վրա են հասնում ամոթի զգացումն ու զգացմունքային օտարումը: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆիզիկական արձագանքը հուզական սթրեսներին տղամարդկանց եւ կանանց դեպքում տարբեր է,- բացատրում է Պատրիսյա Լավը:
Զգացմունքերի մասին նմանատիպ խոսակցությունները հանգստացնում են կանանց եւ ֆիզիկական անհարմարություններ պատճառում տղամարդկանց, որոնց մոտ կտրուկ մեծանում է սթրեսի հորմոնի' կորտիզոլի քանակը, եւ արյունը հոսում է դեպի մկանները: Այդ պատճառով տղամարդը դառնում է նյարդային եւ գրգռված, իսկ կինը մտածում է' նա պարզապես չի ցանկանում լսել իրեն»:
Բժիշկը համոզված է, որ խնդիրը լուծելու բանալին հարաբերվելն է առանց բառերի: «Խոսակցությունը պետք է սկսել միայն ոչ վերբալ շփումից հետո' հպումը, սեքսը, միասին ինչ-որ բան անելը, երբ կա մտերմության զգացում»,- ասում է նա: Պատրիսյա Լավը փորձում է կոտրել կարծրատիպը, որ տղամարդկանց քնքշանքները հետաքրքրում են միայն սեքսի համատեքստում: Նրա մասնագիտական փորձը ցույց է տվել, որ տղամարդիկ առհասարակ չեն հրաժարվի դրանցից: Երջանկության բանաձեւ Առաջին հերթին, բժիշկ Պատրիսյա Լավն առաջարկում է օրվա մեջ գրկել զուգընկերոջը վեց անգամ, ընդ որում' յուրաքանչյուր անգամ' ամենաքիչը վեց վայրկյան, որպեսզի ապահովել մտերմության անհրաժեշտ մակարդակը (գրկախառնության ժամանակ արտադրվում է «քնքշության» հորմոնը' սերոտոնինը): Թող որ սկզբում դրանք արհեստական թվան, մի' անհանգստացեք. շուտով կվերածվեն իսկականի: Երկրորդ տեղում սեքսն է. այն զույգի համար գերազանց հնարավորություն է ստեղծում միմյանց ներելու:
«Օքսիտոցինը' այն հորմոնը, որ օրգազմ է առաջացնում, հրաշք «դեղատոմս» է: Ինտիմ մերձեցումից հետո այն «հիշողության կորստի» էֆեկտ է ստեղծում, որը տեւում է չորս-վեց ժամ եւ թույլ տալիս այդ ընթացքում մոռանալ զուգընկերոջ արարքների մասին»: Հարաբերություններում կարեւոր է, որ թե' տղամարդը, թե' կինը կարողանան հարգանքով վերաբերվել միմյանց թուլություններին: Տղամարդիկ չեն հասկանում, թե ինչ ցավ է զգում անտեսված կինը: Կանայք չեն նկատում, որ անգամ փոքր ակնարկը, որ իրենք երջանիկ չեն, նվաստացնում է տղամարդուն: Եթե կառուցեք ձեր հարաբերությունները ձեր արարքների, այլ ոչ թե խոսքերի հիմքի վրա, սիրած անձնավորությունը Ձեր կողքին առավել պաշտպանված կզգա: