Արդեն մի քանի օր է Դեր Զորում բախումներ են ընթանում քաղաքի ռազմաբազան և օդանավակայանը պաշտպանող սիրիական կառավարական ուժերի և Իսլամական պետության զինյալների միջև:
Վերջին երկու օրը իսլամականների առաջխաղացումը նկատելի է, սակայն շատ դանդաղ:
Երեկ ԻՊ-ի կողմից տարածված տեսանյութում նկատելի էր, որ իսլամականներին հաջողվել է գրավել մեկ դաշտային հոսպիտալ և մեկ-երկու բարձունք:
Խոսվում է այն մասին, որ Դեր Զորի հարձակմանը ԻՊ-ի կողմից մասնակցում են ռազմական հատուկ պատրաստություն անցած ուժեր, որոնք բերվել են Իրաքի և Սիրիայի տարբեր հատվածներից: ԻՊ-ը շարունակում է կուտակել մեծ ուժեր այս հատվածում: Խնդիր է դրված ամեն գնով վերցել կառավարական ուժերի կողմից վերահսկվող Դեր Զորի հատվածը:
Ինչ վերաբերում է սիրիական բանակին, ապա իր առջև դրված է բավական բարդ խնդիր՝ ունեցած ռեսուրսներով կարողանալ դիմակայել բոլոր կողմերից պաշարած իսլամականներին: Տեղեկություն է տարածվել, որ երեկ գիշերը Դեր Զորում պաշարման օղակում հայտնված զինվորականներին ուղղաթիռով հասել է 17-րդ պահեստային դիվիզիայի հրամանատար, գեներալ Մուհամմադ Խադուրը, ով պետք է փորձի իրականացնել Դեր Զորի պաշտպանությունը:
Այս պահին բախումները շարունակվում են:
Սարգիս Գրիգորյան