Աշխարհն իրար է խառնվել… Սարը մուկ է ծնել… ԱՄՆ ժողովրդավարական համակարգը СБОЙ է տվել: Ամերիկյան ժողովուրդն այս անգամ երկրի քաղաքական իսթեբլիշմենթի հրամցրած ՛՛կուտը չի կերել՛՛, իր առջև ՛՛փրթած սրսուռ բազուկը՛՛ ճաշակելուց հրաժարվել ու նախագահ է ընտրել մեկին, ում ոչ մի տրամաբանությամբ չպե՛տք է ընտրեր: Է, ինչ կա որ,- կասեք դուք: Ժողովրդավարությունը, դրանով էլ ժողովրդավարություն է, որ մարդիկ կողմնորոշվել ու երկու չարիքից ընտրել են նվազագույնը: Չէ՞ որ ընտրված նախագահ Թրամփի օպոնենտ Հ. Քլինթոնը որակվում էր որպես հրեշ կամ ՛՛հոգեբուժական հիվանդանոցի սադիստ բուժքույր՛՛: Կամ ինչ է, նախկինում ընտրված ԱՄՆ նախագահները ինչ որ բանով գերազանցե՞լ են այսօր ժողովրդի քվեն ստացած Թրամփին:

 

Օբաման, թե՞ ՛՛սադիստ բուժքույրը ՛՛, երեք վանկը գերազանցող բառեր արտասանել դժվարացող օրապակաս (ձևակերպումն իրենցն է) Բուշ կրտսերը, թե՞ Մոնիկա Լևինսկու գծով իրեն խայտառակած սաքսաֆոնահար Քլինթոնը Թրամփից ավելի՞ են եղել: Իհարկե Ո՛Չ: Բանն այն է, որ սրանք բոլորը անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, իրենց խելքի չափից, իրենց սոցիալական վիճակից ՀԱՄԱԿԱՐԳԻ մարդիկ են եղել: Չնայած աշխարհի հզորագույն երկրի նախագահը լինելուն, սրանք բոլորը ԵՆԹԱԿԱ են եղել ՀԱՄԱԿԱՐԳԻՆ, միշտ արել են այն, ինչ թելադրել է ՀԱՄԱԿԱՐԳԸ:


Թրամփի պարագայում տեղի է ունեցել անհավանական մի բան: ՀԱՄԱԿԱՐԳԻ մարդ չլինելով Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ: Վտանգը մեծ չէր լինի, եթե նա համաձայնվեր ենթարկվել համակաւգին, կամ գոնե համագործակցել նրա հետ: Սակայն նա հրաժարվում է այդ անել, ավելին, համարձակվում է խիստ քննադատական խոսքեր ուղղել իր երկրի գաղտնի ծառայությունների, պաշտպանական համակարգի հասցեին, երեսպաշտության մեջ մեղադրում է գլամուրային աստղերին, պարսավում է ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, համաշխարհային մեդիամիջոցներին, Եվրոմիությանը մեղադրում է վարած միգրացիոն քաղաքականության համար, հայտարարում է, որ աշխարհը փակուղու հասցրած ֆինանսական կապիտալիզմը ինքը փոխարինելու է արդյունաբերական կապիտալիզմով ու վերականգնելու է N1 արդյունաբերություն ունեցող երկրի ԱՄՆ կորսված փառքը և այլն, և այլն: Թրամփը անուղղակի հայտարարում է, որ գործելու է գոյություն ունեցող աշխարհաքաղաքական ՀԱՄԱԿԱՐԳԻ դեմ:
Իրենց արժեքայնությամբ Թրամփի այս հայտարարությունները հավասարազոր են Հին կտակարանի հիմնադրույթային մի դրվագի վերաիմաստավորմանը. Այն է, որ Եվան չլսեր խորամանկ օձին և հրաժարվեր կենաց ծառից պոկել ու ճաշակել խնձորը… Գործողությունների այսպիսի ընթացքը արմատապես կփոխեր Կտակարանի ողջ տրամաբանությունն ու այն կդարձներ անիմաստ, քանզի կվերանար նախնական մեղքի գաղափարն ու դրան հետևող արտաքսումը դրախտից…


Նույնն է Թրամփի պարագայում: Եթե նրա մտայնությունները գործողությունների վերածվեն, ապա դա կհանգեցնի աշխարհաքաղաքական գործող մոդելի փլուզմանը: ՀԱՄԱԿԱՐԳԸ դա երբեք թույլ չի տա:


Թրամփի համար կա երեք ճանապարհ.


• Նա ՛՛կկոտրվի՛՛ ու կսկսի ՛՛համագործակցել՛՛ ՀԱՄԱԿԱՐԳԻ հետ, կդառնա իրենց մարդը.


• Հրաժարական կտա ու կհեռանա.


• ՛՛Արկածի՛՛, ՛՛հիվանդության՛՛ կամ բացահայտ ու ծիսական սպանության զոհ կդառնա, ինչպես պատահել է ՀԱՄԱԿԱՐԳԻՆ դեմ գնացող ԱՄՆ շատ նախագահների հետ.

 

Արտաշես Փափազյան