Ես դեռ հույս ունեմ, որ ապրիլի 2-ին ընտրողն իսկապես փորձելու է գերազանցապես առաջնորդվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ծրագրերով և ոչ թե անձերով: Հասկանում եմ, որ միանգամից շատ բան չի կարող փոխվել, բայց հուսով եմ, որ սկիզբ կդրվի այն մշակույթին, երբ ՀՀ ցանկացած ընտրող ուշադրություն դարձնի ծրագրերին ու դա անի մանրակրկիտ, որ հետո պահանջատեր լինի ծրագրի կյանքի կոչմանը:
Իսկ «ծրագրային ընտրություններում» մենք, իհարկե, գերկարևոր թեմա ունենք ՝ Արցախյան հիմնախնդիրը: Այստեղ մի առաջարկ ունեմ բոլորին: Մինչ վերջնականացնեք ձեր նախընտրական ծրագրերի մշակումը, Արցախյան հիմնախնդրի ձեր մոտեցումների գլուխը շարադրելուց առաջ այցելեք Արցախ և քննարկեք այն Արցախում՝ նախագահի հետ, ԱԺ-ում, Կառավարությունում, ՊՆ-ում, ԱԳՆ-ում և, իհարկե, քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:
Պատկերացրեք` ձեր կուսակցությունը ստանում է հանրության վստահության քվեն. չէ՞ որ դրա համար եք պայքարում: Հիմա դրանից հետո՞ եք գնալու քննարկեք համապատասխան փոփոխությունները Արցախի հետ աշխատանքի ամենատարբեր ոլորտներում: Վստահ եմ, որ խնդրանքս հաշվի առնելու դեպքում և՛ ավելի լավ ծրագիր կգրեք, և՛ ավելի ճիշտ պատկերացումներ կձևավորվեն երկուստեք:
Իսկ ես պատրաստ եմ օգտակար լինելու բոլոր քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին հանդիպումների կազմակերպչական հարցերում, հարկ եղած դեպքում կարող եմ նաև ուղեկցել այցի ընթացքում: Իհարկե եթե համարեք, որ դրա կարիքը կա:
Վստահ եմ, որ այսպիսի միջոցառումները օգտակար կլինեն նախընտրական ծրագրերում Արցախյան հիմնախնդրի մասին ոչ միայն մեկ երկու նախադասությամբ ընդհանրական ձևակերպումներ ունենալու, այլ իրական տեսլականներ մշակելու համար:
Դուխով։