«Անի» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում ես ու կինս կանգնել, ապշահար նայում էինք մահաճակալին և պատերի տակ շարված տասնյակ կոլաժներին, իսկ սեղանի մոտ նստած Սերգեյ Փարաջանովը հանգիստ նախաճաշում էր: Սփռոցի փոխարեն ճմրթված թերթ էր փռել, թերթի վրա՝ պոմիդոր, սոխ, պանիր ու հաց: Պոմիդորի հյութը ծորացել, կարմիր հետք էր թողել նրա ճերմակ շապիկին ու ինքն էլ կոլաժի էր մնան՝ հենց նոր սոսնձված ու առանց շրջանակի:
Կերավ, ձեքերը շփեց, վեր կացավ ու ասաց, որ ուզում է մեզ մի բան նվերել: Պահարանից դուրս բերեց Արարատների շքեղ ալբոմը, մակագրեց ու հանձնեց կնոջս: Հետո իր լուսանկարներից մեկի հակառակ կողմում ստորագրեց և դրեց նույն ալբոմի մեջ: Ապա մի պահ առանձնացավ, դարակներում ինչ-որ բան էր փնտրում: Գտավ ու մեկնեց մեզ: Լուսանկար էր՝ դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի դիմանկարը…

 


Երբ հրաժեշտ տվեցինք ու փողոց իջանք, երկար ժամանակ ուշքի չէինք եկել տեսածից և թանկագին նվերներից, որ մեր ձեռքին էին: Բայց տունդարձի ճանապարհին ես ինձ որսացի այն մտքի վրա, որ սևեռվել ու մնացել էի մի կետում. ինչու՞ Ճիաուրելին: Արարատներն ու սեփական դիմանկարը լիովին ընկալելին էին ինձ համար, բայց գեղեցիկ վրացուհին կարծես տեղ չուներ այդ պարզագույն շղթայի մեջ:

 


Ինչու՞ նա: Այդ ի՞նչ զգացումներ են, որ դրդում են անծանոթ մարդկանց նվիրել օտար կնոջ լուսանկար: Այդ ի՞նչ զգացումներ են, որ ստիպում են քո գեղեցիկը կիսել ուրիշների հետ, նրանց միջոցով քո հիացմունքը դարձնել բոլորինը, նվիրական գաղտնիքիդ մասին բարձրաձայնել մյուսների շուրթերով: Այդ ի՞նչ զգացումներ են, որ խճճվել, ելքեր են որոնել ու հորդել են այնտեղ, որտեղ լինելու կանխանշում չկար…
Մինչ օրս էլ մեր տան մի անկյունում դրված է Արարատների ալբոմը: Նրա էջերի ներսում Փարաջանովն ու Ճիաուրելին միշտ միասին են:

 

Հովիկ Չարխչյան