Եվգենիյ Եվգենևիչ Տաբակովը (2001 մարտի 6 – 2008 նոյեմբերի 28) ռուս տղա էր, ով զոհվեց իր քրոջը բռնաբարողից փրկելիս։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ Նա Ռուսաստանի ամենաերիտասարդ քաղաքացին էր, որը պարգևատրվեց պետական մրցանակով։
2008 թ. նոյեմբերի 28-ի երեկոյան Ժենյան (տղայի կրճատ անունը) և իր քսանմյա ավագ քույրը տանը մենակ էին մնացել։ Դուռը զանգ տվեց մի անծանոթ տղամարդ, որը ներկայացավ որպես փոստատար, ով երեխաների մոր կողմից պատվիրված ինչ-որ գրություն էր բերել։ Իմանալով, որ տանը ոչ մի մեծահասակ չկա, անծանոթը հեռացավ։ Սակայն որոշ ժամանակ անց վերադառնալով՝ նա առաջարկեց աղջկան մոր փոխարեն ստորագրել։ Յանան՝ քույրը, ոչ մի կասկած չունենալով, տղամարդուն ներս թողեց։
Բնակարան ոտք դնելով՝ «փոստատարը» իր հետևից փակեց դուռը, բերված գրության հետ միասին հանեց դանակը և հարձակվելով Յանայի վրա՝ սկսեց պահանջել, որ երեխաները նրան տան բնակարանում եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը։ Երեխաներից պատասխան ստանալով, թե նրանք չգիտեն գումարի գտնվելու վայրը, հանցագործը ստիպեց Ժենյային գնալ և փնտրել դրանք, իսկ Յանային քարշ տվեց լոգասենյակ ու սկսեց հանել նրա հագուստը։ Այդ ամենը տեսնելով՝ Ժենյան վազեց խոհանոց, վերցրեց խոհանոցային դանակը և ետ վերադառնալով՝ խրեց այն հանցագործի գոտկատեղի մեջ։ Ինչպես հետագայում նշում են փորձագետները, փոքրիկ տղան ընդամենը 3 սմ է կարողացել խրել դանակը տղամարդու մարմնի մեջ, քանի որ նրա ձեռքերը շատ թույլ են եղել։ Հանցագործը վայր է ընկել և մեխանիկորեն բաց թողել նաև Յանային։ Սակայն հետո վեր է կացել և ընկել Ժենյայի հետևից։ Կատաղած հանցագործը սկսել է մեկը մյուսի հետևից դանակով հարվածներ հասցնել Ժենյայի մեջքին (հետագայում պարզվել է, որ հասցվել է 8 հարված)։
Այդ ընթացքում Յանան հասցրել է ցած իջնել աստիճանավանդակով և ձայն տալ հարևաններին, օգնութուն կանչել։ Աղմուկից վախենալով՝ հանցագործը թողել է արնաշաղախ փոքրիկին, դուրս փախչել դեպի փողոց և թաքնվել։
Ժենյան շտապօգնության բրիգադի աշխատակիցների կողմից տեղափոխվել է հիվանանոց, սակայն, ցավոք սրտի, նրան փրկել չի հաջողվել։ Փոքրիկը հենց նույն օրը մահացել է ստացած ծանր վնասվածքներից։
Նոգինսկի շրջանում տրված հայտարարությունները, որոնք ուղղված են հանցագործին գտնելուն, ոչ մի արդյունք չեն տվել։ Այնուհետև քննիչները որոշել են հեռուստացույցով ցույց տալ երեխային սպանողի ֆոտոռոբոտը։
Հաջորդ օրվա երեկոյան Ռուսաստանի տիեզերական զինուժի գնդապետ Ալեքսանդր Կուրենկովը ուղևորվել է դեպի իր ամառանոցը, որի շրջակայքում հանկարծ անծանոթ մեկի է տեսել։ Րոպեներ անց նա ճանաչել է փնտրվող հանցագործին։ Գնդապետը զինաթափել և ձերբակալել է «ինքնակոչ հյուրին», այնուհետև հանձնել նրան ոստիկաններին։
Իր խիզախ արարքի համար Ալեքսանդր Կուրենկովը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության դատախազության «Օգնության» համար նախատեսված շքանշանով։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդևի 2009 թ. հունվարի 20-ի հրահանգով խիզախության, անձնազոհության և քաղաքացիական պարտքի կատարման համար Եվգենիյ Եվգենևիչ Տաբակովը հետմահու պարգևատրվել է «Արիության» շքանշանով։