Թագավորը երազում տեսավ, որ իր բոլոր ատամները հերթով ընկնում են: Առավոտյան նա կարգադրեց իր մոտ կանչել երազների մեկնաբանին: Սա լսեց թագավորին ու տխրությամբ ասաց.
- Տեր իմ, քեզ ցավալի լուր պիտի հայտնեմ, դու մեկը մյուսի ետևից կկորցնես քո հարազատներին:
Զայրացած թագավորը կարգադրեց նրան բանտ նետել և կանչել մեկ ուրիշ մեկնիչի: Երկրորդը եկավ, լսեց երազը և ասաց.
- Ուրախությամբ ուզում եմ քեզ տեղեկացնել, որ դու քո բոլոր հարազատներից երկար ես ապրելու:
Թագավորը գոհ մնաց և առատորեն պարգևատրեց նրան: Պալատականները զարմացան կատարվածից:
- Չէ՞ որ դու նրան նույնը ասացիր, ինչ քո դժբախտ նախորդը: Ուրեմն ինչու՞ նա պատժվեց, իսկ դու վարձատրվեցիր,- հարցրեցին նրանք:
- Մենք երկուսս էլ նույն կերպ մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դա կասես,- պատասխանեց երազների մեկնիչը:
Հովիկ Չարխչյան