Հայ Կարմիր Խաչի հիմնադրման պատմությունից... Ներկայացվող պատկերում 1920 թվականի նոյեմբերին Բոստոնում կայացած Հայ Կարմիր Խաչ կազմակերպության պատգամավորական ժողովի պատվիրակներն են՝ Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշների ներքո (լուսանկարը՝ Asbarez-ի կայքից):


Հայ Կարմիր խաչը իր գործունեությունը սկսեց 20-րդ դարի առաջին տասնամյակում ԱՄՆ-ում' փաստացի դառնալով հայ իրականության մեջ գործող կանանց առաջին միջազգային կազմակերպությունը: Ներշնչվելով Կամիր Խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական գաղափարներով և գործունեությամբ, հայ կանանց այդ խմբերը 1910 թ. որդեգրեցին Կարմիր Խաչի պաշտոնական անունը' առաջնորդվելով ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի կողմից: Ամերիկայի Հայ Կարմիր Խաչի կազմակերպությունն իր 1-ին պատգամավորական ժողովը գումարեց 1915 թ. մայիսին Բոստոնում, որտեղ որոշվեց Կովկասյան ճակատ ուղարկել կամավոր հիվանդապահուհիներ: Ժողովը հեռագիր ուղարկեց նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին' խնդրելով միջամտել դադարեցնելու Օսմանյան Թուրքիայում սկսված հայկական ջարդերը:


1919-ի հուլիսին գումարվեց 2-րդ պատգամավորական ժողովը, որտեղ հավաքված պատվիրակները որոշեցին փոխել ՀՅԴ Կարմիր Խաչ անունը, այն պաշտոնապես վերանվանել Հայաստանի Կարմիր Խաչ և ստեղծել մասնավոր ֆոնդ' Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոց հիմնելու համար: 1920 թ. նոյեմբերին Բոստոնում տեղի ունեցավ կազմակերպության 3-րդ ժողովը, իսկ 1921 թ. հուլիսին, կրկին Բոստոնում, գումարվեց միացյալ պատգամավորական ժողով, որտեղ որոշվեց ամերիկահայ բոլոր կանանց միությունները համախմբել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ' Հայ Կարմիր խաչ ընդհանուր անվանումով: Կազմակերպությունը պետք է ենթարկվեր Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված և վավերացված Հայկական Կարմիր Խաչին, որի օրենքները նախապես համաձայնեցվել էին Միջազգային Կարմիր Խաչի օրենքներին (տեղեկությունները՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից):

 

Ռուբեն Շուխյան