«Կույս կանանց միավորում» ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որն ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

 

ՀՀԿ-ն հայտարարում է ԿԿՄ արժեքները որդեգրելու մասին

Ինչպես հայտնի է, ՀՀԿ վերջին համագումարում փոփոխություն է կրել կուսակցության ծրագիրը, ինչպես նաև արժեքային համակարգը։ Մասնավորապես, ՀՀԿ-ն որոշել է որդեգրել «Կույս կանանց միավորման» գաղափարական պլատֆորմը։

Առաջին հոդվածը սահմանում է, որ ՀՀԿ նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենության գաղափարներից։ Այս վիճելի պնդումից հետոիշխող կուսակցության արժեքային բազայում արձանագրվում է, որ «մեր և Աստծո միջև հարատև կապն ապահովվում է Հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհով»։ 

«Կույս կանանց միավորումը» ցնծությամբ հավաստում է փաստը, որ հայու տեսակի հավիտենականացման հարցը պետական մասշտաբով է դրվում, սակայն միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայու գենի հարատևման մշտնջենական ջահը ԿԿՄ ձեռքից երբեք չի սպրդի։ ՀՀԿ արժեքային համակարգում նման ֆունդամենտալ փոփոխություն մտցնելիս որևէ խորհրդակցություն, հարցում, մասնակցություն չի եղել ԿԿՄ հետ, ինչը գալիս է տարակուսելու, որ մի՞թե պատահել է գաղափարական գրագողություն։ Տեղի ունեցածը սակայն չպետք է վեճերի և քենի դրսևորման առիթ հանդիսանա, քանզի միայն ողջույնի է արժանի իշխող ուժի կողմից հայու տեսակը որպես հավիտենականացման ճանապարհ փարոսելու գիտակցումը։