Ես վաղուց եմ նշել, որ ՀՀ-ի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծին կողմ եմ և ունեմ դրա համար իմ պատճառները:
Երբ ապրիլյան դեպքերը եղան, մենք՝ կինս, ընկերներս, ինձ հարազատագույն մարդիկ ընկել այս կամ այն տեղից գումար ու օգնություն էինք հավաքում տղերքի՝ անտեր մնացած ընտանիքների համար (մեզ նման վստահ եմ շատերը, մի ամբողջ ազգ):
Հետո ակտիվությունն էականորեն ընկավ: Այդ կարևորագույն գործը շարունակեցին եզակիները:
Շատերի օգնություն տրամադրելու հիմքերն օբյեկտիվորեն ու սուբյեկտիվորեն նվազեցին: Ամսե ամիս գումար հավաքելը բարդացավ: Ու պարզ էր, որ գալու է մի պահ, որ այդ մարդիկ՝ մեր զինվորի անտեր մնացած ընտանքիները, մենակ են մնալու սոցիալական իրենց խնդիրների հետ:
Հիմա առաջադրվող օրինագիծն, իմ խորին համոզմամբ, իր բոլոր հնարավոր ռիսկերով հանդերձ, կարևորագույն խնդիր է լուծելու՝ չթողնել անտեր, անոթի, անօգնական երկրի սահմանը, ռազմական անվտանգությունը պաշտպանած զինվորին ու նրա ընտանիքին: Ու այդ օգնությունը իմ կարծիքով քննարկման ենթակա հարց չէ: Եթե ես, դուք, միգուցե շատերը քաղաքաներում տաք-տաք նստած մեր ընթացիկ կյանքով ենք ապրում, ապա սպան ու զինվորը, իրենց վրա դրած պարտականությունների զորու, կարող են իրենց կյանքը ամեն վայրկյան տալ մեզ համար: Սա բոցաշունչ դիտարկումներ կամ բացահայտում չի. սա չոր ու դաժան կյանք է: Ու հետո ո՞վ է տեր կանգնելու նրանց ընտանքիներին...ո՞վ է նրանց օգնելու, ի՞նչ երաշխիք, որ այդ ընտանիքները չեն կորի, կործանվի....
Իրենք ՊԱՐՏԱԴԻՐ կերպով մեր բոլորի անվտանգությունն են ապահովում, իսկ մենք դեռ քննարկում ենք «պարտադիր», թե «ոչ պարտադիր», 1000 դրամ տանք, թե չտանք.... Ինչևէ...
Օրենքի նախագծում «պարտադիր» բաղադրիչն առանցքային է հենց միայն այն առումով, որ պետության ու քաղաքացու անվտանգության համար ծառայած/կռված զինվորի ընտանիքի հոգսը պարտադիր պետք է մեր բոլորինը դառնա: Գրամ-գրամ, բայց՝ բոլորինս: Դա անվտանգության հարց է, իսկ անվտանգությունը պարտադիր, բոլորին վերաբերող իրավիճակ է: Մի տեսակ ստորացուցիչ է ու երևի ամոթ այսքան այս հացի մասին խոսելը, քննարկելը:
Ու վերջապես մեր բանակ գնացող նորակոչիկը, ծառայող զինվորը պետք է իմանան ու վստահ լինի, որ մենք բոլորս մեր փոքր-փոքր ներդրումներով իր ու իր ընտանքի կողքին ենք ու ինքը անտեր չի:
Ալեն Ղևոնդյան