Աշխատանքի գնալիս ստիպված եմ լինում բարձրանալ Ամերիկյան համալսարանի անթիվ-անհամար աստիճաններով ու շնչասպառ հիշել էդ աստիճանները նախագծողին, որ հաշվի չի առել էն հանգամանքը, թե կարող է մի օր էլ էդ բախտատյաց աստիճաններով մի գյուղի, բայց հեչ կաթ-մածուն չկերած աղջիկ բարձրանալ: Ու էդպես ամեն Աստծո առավոտ ես մրթմրթալով, էներգիա ու քայլելու ունակություն կորցնելով՝ գնում եմ դեպի աղոտ ապագա: էսօր մետրոյով բարձրանալիս ինձ հոգեպես նախապատրաստում էի էդ ծանրաքաշ աշխատանքին, երբ նկատեցի, թե ինչպես են անցումի աստիճաններով բարձրանում մայր ու որդի: Մայրը լրիվ փոքրացած ու մի բուռ դարձած, ճմրթված մի տատիկ էր, էն տատիկներից, ովքեր ինձ մոտ էքստազային ու էնդորֆինային զգացողություններ են արթնացնում: Իմ սերն իր փոշոտված մի հայացքով նվաճած տատը՝ որդու ձեռքը ամուր բռնած հազիվ էր վերև բարձրանում՝ ինձ նման քթի տակ աստիճան ստեղծողներին հերթով, կարգով ու շարքով հիշելով: Որդին էլ փորձում էր քայլերը կրկնակի դանդաղեցնել, որ ծնողին նեղություն չտա ու անընդհատ ասում էր՝ մի քայլ էլ դիր մամ ջան ու հասանք, դե մի հատ էլ ու վերջ: էսպես իմ սրտի տատը հաղթահարեց վերջին աստիճանը ու օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճածի հայացքով նայեց որդուն ու լուռ ժպտաց: էս տեսակ պահերին է, որ դու սկսում ես հասկանալ, թե ինչքան թանկ են էն մարդիկ, ովքեր ձեռքդ բռնած, առանց նեղսրտելու, սիրով ու համբերությամբ քո հետ անցնում են կյանքիդ դժվարությունների աստիճաններով ու քեզնից ոչինչ չակնկալելով՝ պարզապես ուզում են, որ դժվարությանդ վերջին աստիճանը հաղթահարելուց հետո մի կտոր ժպտաս,քեզ ավելի թեթևացած, ապահով զգաս ու դա է իրենց համար գերագույն երջանկությունը :

 

Հ.Գ. Այ էսպիսի ղզիկացած ու սուտիփիլիսոփայական իդեաներով վարակված տրամադրություն .....

 

Անիկ Մարգարյան