Ես կյանքում երևի չեմ հասկանա այն ծնողներին կամ բարեկամներին, ովքեր բանակում ծառայող իրենց տղային կամ հարազատին ուղարկած մի տոպրակ կամ տոպրակից ավել սնունդը, հագուստը և այլ անհրաժեշտ պարագանները ամեն տեղ նստել-հելնելուց երեսով են տալիս ու դա կապում բանակի լավ կամ վատ լինելու հետ:

 


Ասենք հայ մայրը ինչպես կարող է իր տղային ամսվա մեջ գոնե մեկ անգամ իր ձեռքով պատրաստած ուտելիք չուղարկի կամ իր գնած ներքնաշորը չդնի մի տոպրակի մեջ ու տանի տղային: Մեկ-մեկ լսում ես , թե ինչպես են մարդիկ խոսում իրենց տղային ուղարկած ուտելիքի կամ շորի մասին ու ականջներիդ չես հավատում, որ հայ տատիկը բողոքում է, որ իր թոռնիկի համար տաք գուլպա է ուղարկել զորամաս, որ հայ մայրիկը բողոքում է, որ իր տղայի համար մեկ աման թփով տոլմա է պատրաստել, որ հայ հայրիկը բողոքում է, որ մեկ հատ գլխարկ է գնել իր տղայի համար:

 


Եթե ես մի օր տղա ունենամ ու նա բանակ գնա ու այդ ժամանակ երկրիս բանակը այնքան հարուստ լինի, որ ամեն օր խոզի խորոված ուտեն զինվորները, միևնույնն է ես ամիսը մի քանի անգամ հաստատ իմ հնարավորությունների չափով ու հնարավորություններիցս մի բան էլ ավել տոպրակ կհավաքեմ ու կուղարկեմ իրենց, բայց կյանքում դա չեմ օգտագործի խղճահարություն արթնացնելու համար, քանի որ շատ լավ գիտեմ, թե ինչ է զգում զինվորը, երբ տանից ինչ-որ բան է ստանում, մանավանդ ծնողների ձեռով պատրաստած ուտելիք:

 

Աշոտ Ասատրյան