Անտուան (Անտոն) Սեւրյուգին (Antoin Sevruguin). հայկական ծագումով 19-րդ դարավերջի մեծ համբավ ունեցող լուսանկարիչ, եղել է Քաջարների դինաստիայի իրանական արքունիքի պաշտոնական լուսանկարիչը: Ներկայացվող պատկերում՝ Անտուան Սեւրյուգինը՝ իր կնոջ (նստած են), երեխաների և եղբոր հետ է:

 

Անտուան Սեւրյուգինը ծնվել է 1830 թ. Թեհրանում' Պարսկաստանում Ռուսական դեսպանության հյուպատոս հայազգի Բարսեղ Սեհրուվյանի (կամ Սեւրուջյան, իսկ ռուսական տարբերակով' Վասիլի Սեւրյուգին) ընտանիքում, Անտուանի մայրը՝ վրացուհի էր: Անտուան Սեւրյուգինն ապրել է երկար կյանք՝ շուրջ 103 տարի և մահացել 1933-ին' Թեհրանում: Ապագա լուսանկարիչը հոր մահից հետո, 1840-ականների վերջին տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ ավարտում է դպրոցը և սովորում է նկարել: Հետագայում հետաքրքրվում է գեղարվեստական լուսանկարչությամբ, որն էլ դառնում է նրա ողջ կյանքի ներշնչանքն ու աշխատանքը: Վերադառնալով Պարսկաստան, Սեւրյուգինը դառնում է այդ բազմազգ ու խայտաբղետ երկրի պաշտոնական կյանքի ու առօրյա կենցաղի վավերագրողը: Անտուան Սեւրյուգինը ամուսնանում է հայուհի Լուիզա Գուրգենյանի հետ և ունենում յոթ զավակ:

 

1883 թ. Սեւրյուգինը եղբոր հետ Թեհրանում հիմնում է առաջին լուսանկարչատունը: Նրա վառ ու պատկերավոր աշխատանքները (հատկապես կանացի դիմանկարները) մեծ համբավ են ձեռք բերում նրան: Սեւրյուգինը սկսում է բազմաթիվ պատվերներ ստանալ Եւրոպայից եւ Ռուսաստանից, նրա գործերը ցուցադրվում են տարբեր ցուցասրահներում և տպագրվում որպես փոստային բացիկներ: Սակայն Իրանում 1908 թվականի սահմադրական հեղափոխության ժամանակ Անտուան Սեւրյուգինի լուսանկարչատունը հիմնահատակ ավերվում է: Մոտ 7000 աշխատանքների մեծ հավաքածոից՝ փրկվում է միայն 2000-ը: Ներկայումս պահպանված նեգատիվները գտնվում են տարբեր թանգարաններում, իսկ զգալի մասը, շուրջ 700 հատ՝ պահվում է Սմիթսոնյան ինստիտուտում (ԱՄՆ):

 

 

Ռուբեն Շուխյան