Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու հաղորդակցությունների նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին Թուրքիան Ադրբեջանի միջոցով կկապի Ղազախստանի ու Չինաստանի հետ։
Նրա խոսքերով՝ ԲԹԿ-ի թուրքական հատվածի կառուցման առաջին փուլը կավարտվի մինչև ընթացիկ տարեվերջ։ Արսլանը հայտարարել է, որ 2017 թվականի սկզբին ԲԹԿ-ի թուրքական հատվածով կանցնի առաջին փորձնական գնացքը.
Վերջերս, Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել մրցակցային սակագներ բեռնափոխադրումների համար:Երեք երկրների երկաթգծերի ղեկավարներն Աստանայում հանդիպել են Ղազախստանի բեռնափոխադրողների, խոշոր օպերատորների ու բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների հետ:Քննարկվել են բեռների փոխադրման փոխշահավետ պայմանները:
Խոսքը գնում էր մետաղների, ցորենի, նավթամթերքների կոնտեյներային փոխադրումների սակագների իջեցման մասին՝Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով դրանք փոխադրելու ժամանակ:

 


Ադրբեջանի երկաթգծերի ղեկավարի տեղակալ Իգբալ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են լավ պայմաններ առաջարկել ապրանքների տեղափոխման համար:Իրենք ուղիղ երկաթգծային կապ են բացում Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա:
Ադրբեջանա-ղազախական քաղաքական, տնտեսական կապերը միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա՝երկու երկրները թյուրքախոս երկրների կազմակերպության անդամ են, Կասպից ծովում հարևաններ են, իսկ Ադրբեջանը Ղազախստանի համար այլընտրանքային ուղի է Կովկաս, Թուրքիա և Եվրոպա դուրս գալու համար այդ թվում նոր թափ հավաքող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի օգնությամբ, որն անցնելու է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության վրա:

 


Այս պահին այդ ուղղությամբ ակտիվ բեռնափոխադրումներ են կատարվում՝Բաքվի նավահանսգտի ու ղազախական Աքթաու նավահանգստի միջև՝այդ քաղաքում ադրբեջանական կողմը ստեղծել է համապատասխան պահեստներ՝իր գյուղատնտեսական և այլ ապրանքները ղազախական և կենտրոնականասիական շուկաներ արտահանելու համար: Ղազախստանին ձեռնտու է Ադրբեջանի հետ առևտրա-տնտեսական կապերի ընդլայնումը՝ՌԴ-ից անկախ նոր լոգիստիկ հնարավորություններ ունենալու համար արևմտյան ուղղությամբ:
Ադրբեջանը ցանկանում է դառնալ Թուրքիան ու Կովկասը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Չինաստանն ու թյուրքախոս Կենտրոնական Ասիան կապող տրանսպորտային միջանցքի կապող օղակներից մեկը: Դա հնարավորություն կտա քաղաքական դիվիդենտներին զուգահեռ ստանալ կոնկրետ, ֆինանսական օգուտներ՝փոխադրումների, տարանցման, լոգիստիկ ծառայությունների համար գումարներ գանձել:

 


Բաքուն աստիճանաբար փորձում է նավթ արտահանող երկրից վերածվել նավթի, գազի, տրանսպորտային այլ լոգիստիկ ծառայություններ տրամադրող տարանցիկ միջանցքի՝նվազեցնելով միակողմանի նավթագազային կախվածությունն ու բյուջեն համալրելու նոր տարբերակներ գտնել: Վերջերս էլ Ադրբեջանը, ՌԴ-ը և Իրանը պայմանավորվեցին օպերատիվ կերպով կյանքի կոչել Հյուսիս-Հարավ միջանցքը, որը նույնպես անցնելու է Ադրբեջանով: Այդ երկիրը դառնում է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկ:

 


Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպանատան տնտեսական բաժնի ղեկավար Քարթեր Ուուլբուրը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ աշխատանքներ է իրականացրել տարանցիկ փոխադրումների օպերատիվության ապահովման հարցում։
Նրա խոսքով, Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախաստանն ու Վրաստանը մեծ աշխատանքներ են իրականցրել տարացման արագության մեծացման համար։Ըստ նրա, երկրները հասկացել են, որ չպետք է մրցակցեն միմյանց դեմ, այլ ընդլայնեն համագործակցությունը երկրների միջև անխափան տարանցիկ փոխադրումների համար։։ Ըստ նրա, հաշվի առնելով Ադրբեջանի դիրքը հյուսիսի ու հարավի, արևելքի ու արևմուտքի միջև այդ երկիրը դառնում է գլխավոր տարանցիկ կենտրոն Արևելյան ու Հարավ–Արևելյան Ասիայից դեպի Եվրոպա։

 


Այսպիսով, Անկարայի ու Արևմուտքի շահերը Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Կենտրոնական Ասիա էներգետիկ–տրանսպորտային միջանցք կառուցելու առումով համընկնում են, իսկ այդ միջանցքն էլ շրջանցելու է ՌԴ–ին ու նրա հարավկովկասյան դաշնակից ՀՀ–ին։
Այդ միջանցքին հակակշիռ կարող է դառնալ Հյուսիս–Հարավ միջանցքի կառուցումը'ՌԴ–Վրաստան–ՀՀ–Իրան–Պարսից ծոց ուղղությամբ ու Իրանի նախագահի երևանյան այցի ընթացքում պետք է նոր խթան տալ այդ նախագծին'Վրաստանը, ՀՀ–ը, Իրանն ու ՌԴ–ը միավորում են էլեկտրաէներգիայի համակարգերը, Հյուսիս–Հարավ ավտոմայրուղին Իրանը ՀՀ–ով կապելու է Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ։

 


Այդ ծրագրերը պետք է ավելի օպերատիվ կյանքի կոչվեն, որպեսզի ՀՀ–ը կարողանա դիմակայել թուրք–ադրբեջանական տանդեմի մարտահրավերին ու մեծացնի իր աշխարհաքաղաքական նշանակությունն Իրանի, ՌԴ–ի ու հյուսիսային հարևան Վրաստանի համար, որն ամբողջությամբ սկսում է անցնել Անկարայի ու Բաքվի տնտեսական ու քաղաքական ազդեցության տակ։

 

Արտեմ Բալասանով