Հայաստանում շատերի համար ԱՄՆ նախագահի նախընտրելի թեկնածու էր Հիլարի Քլինթոնը, որը համարվում էր ամերիկյան հասարակության վերնախավի առավել պատասխանատու, մտավոր ու մասնագիտական տեսանկյունից կայացած հատվածի ներկայացուցիչը և մեր վերոհիշյալ հայրենակիցների համար Դոնալդ Թրամփի հաղթանակը քաղաքակրթական շոկ առաջացրեց, քանի որ ասոցացվեց ԱՄՆ-ում լիբերալ/ազատական իդեալների կործանման հետ:
Ինձ համար շոկային եղավ այն, թե ինչ արագությամբ Քլինթանին աջակցող ամերիկացի անվանիների մի ամբողջ բույլ հայտարարեց այն մասին, որ հեռանում է սեփական երկրից: Ստացվեց, որ Հիլարի Քլինթոնին մինչ այդ աջակցած ԱՄՆ ազատական հատվածի երևելիներն ուղղակի դասալիք դարձան:
Եթե մարդիկ սեփական երկրից են փախչում առաջին իսկ փոքրիշատե զգալի քաղաքական պարտության պարագայում ապա ինչպես պետք է օտարները հավատ ընծայեն այդ մարդկանց հաստատակամության ու սկզբունքայնության հանդեպ: Հուսով եմ, որ ԱՄՆ-ում դեմոկրատների պարտությունը գոնե նրանց հայաստանցի համակիրների զանգվածային արտագաղթի պատճառ չի դառնա:
Արման Մելիքյան