Հայաստանի առաջին Հանրապետության թղթադրամները թվագրված են 1919 թվականով և թողարկվել են 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Թղթադրամների ընդհանուր գեղարվեստական գաղափարի և ձևանմուշների պատրաստման հեղինակն էր նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը: Թողարկված թղթադրամները շրջանառության մեջ են դրվել 1920 թվականի հունիսին, որն այն ժամանակ մեծ քաղաքական իրադարձություն է համարվել Հայաստանում՝ նորանկախ երկրի ինքնիշխան լինելու կամքը վերահաստատելու առումով:


Այդ թղթադրամների թողարկումը տարբերվում է 1918-1924 թթ. Անդրկովկասի տարածաշրջանում իրականացված այլ թողարկումներից իր նրբագեղությամբ ու տպագրության բարձր որակով: Ձևավորման մեջ օգտագործվել են ազգային պատկերներ ու նախշեր, կա Արարատ լեռան պատկերը, սուրը ձեռքին արծիվի պատկեր, որը հարվածում է օձին, ինչպես նաև ճախարակով նստած հայուհու արդեն հանրահայտ խորհրդանիշ դարձած պատկերը: Հիմնական մակագրությունները հայերեն են, սակայն մասամբ կան նաև ռուսերենով և ֆրանսերենով: 


Հայկական առաջին թղթադրամների տպագրության գործընթացը սկսվեց ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի պաշտոնավարման օրոք՝ հենց նրա և վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի ստորագրություններն են դրոշմված այդ թղթադրամների վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում կայացրեց հայկական դրամանիշերը տպագրել Անգլիայում, եւ այդ գործը վստահեց լոնդոնյան հռչակավոր "Waterlow and Sons Ltd" ընկերությանը: Թղթադրամների տպագրման կապակցությամբ Լոնդոն գործուղվեց Արշակ Ֆեթվաճյանը՝ տեղում տպագրման գործընթացին ներկա լինելու համար: Քանի որ տպագրության պահանջներից ելնելով դրամանիշերի ձևավորումը որոշակի փոփոխություններ պետք է կրեր՝ հաշվի առնելով դրամի պաշտպանվածության համար անհրաժեշտ դետալների՝ ջրանիշների, ստորագրությունների և նախշազարդերի ավելացումը, ուստի հայկական թղթադրամի տպագրման գործընթացը մի փոքր ձգձգվեց: 


Սակայն, Ֆեթվաճյանի և նախարար Գրիգոր Ջաղեթյանի ջանքերով դրամանիշերի ձևավորումը կրեց միայն աննշան փոփոխություններ, թեպետ տպագրական ընկերությունն առաջարկում էր որոշ հատվածներ ամբողջապես փոխել: Նշենք նաեւ, որ Ֆեթվաճյանի էսքիզների հիման վրա տպագրվեցին նաեւ առաջին հայկական փոստային նամականիշերը: Մասնագետների կարծիքով, հայկական առաջին թղթադրամների գեղարվեստական ձևավորումն իրոք այնքան կատարյալ էր, իսկ տպագրական որակն այնքան բարձր, որ մինչ օրս դրանք համարվում են իրենց ժամանակի ամենալավ պաշտպանվածությունն ու ձևավորման ազգային գեղարվեստական արժեքն ունեցողներից մեկը:


 

 

 

 

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումից