Թրամփը ընտրվեց ԱՄՆ 45-րդ նախագահ։ Նրա մրցակիցն արդեն ընդունել է իր պարտությունը։ Սա անակնկալ էր ողջ աշխարհի համար, եթե չասենք շոկ։ Ու բանը նրանում չէ, որ Թրամփն էր այդքան վատ թեկնածու, կամ էլ Քլինթոնն էր այդքան լավը։ Հարցը նրանում էր, որ մինչև այժմ ԱՄՆ-ում չէին եղել այսքան կեղտոտ ու միակողմանի ընտրություններ՝ ընտրապայքարի ու քարոզչության առումով։ Առողջ տրամաբանությունը հուշում էր, որ ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների այսպիսի դիսբալանսի պարագայում, միայն հրաշքը կարող էր Թրամփին նախագահ դարձնել։ Ու այդ հրաշքը եղավ․ ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը քվեարկեց այս հակասական գործչի օգտին։
Այդուհանդերձ, ի՞նչ ակնկալել Թրամփի նախագահությունից։ Սա արդեն շատ ավելի բարդ հարց է, որովհետև իրոք անհնար է որևէ հստակ պատկերացում ունենալ հետագա զարգացումների մասով, քանի որ փոփոխականները չափազանց շատ են։
Եթե Թրամփը հավատարիմ մնա իր նախընտրական խոստումներին ու ծրագրերին և նրան չհեռացնեն նախագահությունից ինչ-որ եղանակով, ապա ԱՄՆ-ին ու ամբողջ աշխարհին սպասում է շատ տուրբուլենտ շրջան։ Մինչ Թրամփապաշտներն ու Թրամփատյացները ֆիքսվել են այնպիսի չնչի հարցերի վրա, ինչպիսիք են նրա սեքսիստ ու ռասիստ լինել-չլինելը, Մեքսիկայի սահմանին պատ կառուցելը և մահմեդականների ներգախթն արգելելը, Թրամփը շատ ավելի հավակնոտ պլանների մասին է ազդարարել։ Ավելի կոնկրետ եթե խոսենք, ապա Թրամփն ազդարարել է ամերիկյան ռեալ տնտեսության վերածնունդը ու խոստացել է այնպես անել, որ արտադրությունները դեպի Չինաստան ու էժան աշխատուժի համար նախապատվելի երկրներ տեխափոխած արդյունաբերական գիգանտները կրկին վերադառնան ԱՄՆ և աշխատատեղեր ապահովեն ամերիկացի աշխատուժի համար։
Սա շատ հավակնոտ պլան է իրականում, որը տեկտոնիկ շարժերի կարող է բերել գլոբալ տնտեսությունում։ Ի՞նչ խոսք, եթե այն կյանքի կոչվի, ապա ամերիկյան տնտեսությունը կհառնի ու ռեալ առաջընթաց կգրանցի, բայց սա կարող է խորտակիչ հարված դառնալ չինական տնտեսության համար, ինչպես նաև բերի համաշխարհային շուկայի լուրջ ցնցումների։ Էլ չխոսենք այն մասին, թե ինչ մահացու վտանգ է նման ռեֆորմը ներկայացնում վերազգային կորպորացիաների համար, ովքեր հարյուրավոր միլիարդներ են աշխատում գործող տնտեսական մոդելը՝ իրենց «հագով կարված» լինելու արդյունքում։
Սակայն կարծում եմ՝ պետք չէ շտապել կանխատեսումներով։ Ի վերջո, Թրամփը թեև մեծամասնության նախագահն է, այդուհանդերձ նրան կարելի է համարել նաև պատահական նախագահ։ Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին մենք ականատես ենք լինելու առճակատման՝ Սպիտակ Տան և Կոնգրեսսի միջև։ Այո՛, Կոնգրեսսի երկու պալատներում էլ հաղթել է Հանրապետական կուսակցությունը (չշփոթել ՀՀԿ-ի հետ :) ), բայց չմոռանանք նաև, որ Հանրապետականները մինչև վերջ էլ չկոնսոլիդացվեցին Թրամփի թեկնածության շուրջ, ու առհասարակ՝ ընտրարշավի հենց սկզբից հանրապետական իսթեբլիշմենթը անում էր ամենը, որպեսզի Թրամփը չդառնա հիմնական թեկնածուն, բայց ստեղծված իրավիճակում նրանք պարզապես ստիպված էին հաշվի նստել այն հսկայական ժողովրդականության հետ, որը ուներ Թրամփն ու միայն Թրամփը։
Այնպես որ, առաջիկա 1-1,5 տարին մենք ԱՄՆ-ում բարդ ներքաղաքական պրոցեսսներ են սպասվում, որոնց արդյունքում կամ Թրամփը կհաղթի իր խարիզմայով ու համառությամբ, կամ էլ քաղաքական վերնախավը՝ իր անհուն ռեսուրսներով ու գրեթե անսահման ազդեցությամբ։ Հնչում են դավադրությունների տեսություններ առ այն, որ Թրամփին անգամ կարող են ֆիզիկապես լիկվիդացնել, ինչպես դա եղավ մեկ այլ պատահական նախագահի՝ Քեննեդու դեպքում, սակայն անձամբ ես հակված չեմ հավատալու նման գաղջ սցենարի։ Ավելի շուտ չէի բացառի այն, որ ինչ-որ մի փուլից Թրամփին կարող են իմպիչմենթի ենթարկել, եթե նա չհնազանդվի քաղաքական վերնախավի պահանջներին ու շարունակի խաթարել նրանց գլոբալ տեսլականն ու Մեծ խաղի կանոնները։
Կոնստանտին Տեր-Նակալյան