Պարզ է, որ անգամ շատ փոքր երկիր հանդիսացող Հայաստանում, որը քարտեզի վրա գրեթե աննշմարելի է, սակայն ունի աշխարհի չափ խնդիրներ, ամենից կարևոր թեման իհարկե ԱՄՆ նախագահական ընտրություններն էին: Թրամպի ընտրությունը ինձ համար էլ էր անակնկալ:
Տրամաբանական է, որ հաջորդ հարցադրումը այն է, թե ի՞նչ քաղաքականություն նա ու նրա թիմը կորդեգրի աշխարհի ու հատկապես Հարավային Կովկասի նկատմամբ: Եթե անկեղծ՝ չգիտեմ, քանզի ԱՄՆ-ի մասնագետ չեմ: Եթե անգամ մեկը ինչ-որ դիտարկումներ էլ անի այս հարցի վերաբերյալ, ապա դրանք հավանաբար կլինեն ժամանակավրեպ: Ցավոք Հայաստանում կարծեմ այդպիսի պրոֆիլի մասնագետներ էլ չունենք:

 


Սակայն նշեմ, որ ի՞նչ քաղաքական ու անվտանգային գիծ էլ որդեգրի Թրամպը, ինպե՞ս էլ հարաբերվի ՌԴ-ի հետ, կամ ասենք ի՞նչ մոտեցումներ ներկայացնի ԼՂ կարգավորման ու հայ-թուրքական հարաբերություններում, անվտանգության հայաստանյան օրակարգը դրանից դժվար մեծ փոխոխությունների ենթարկվի:
Ինչու՞..., քանզի բոլոր նշյալ հարցերի վերաբերյալ մենք ունենք ձևավորված ազգային շահեր, որոնք կենսական են ու դրանց խախտումները ցանկացած կոմբինացիայով կասկածի տակ կդնեն մեր գոյությունը առհասարակ:

 


Նախագահի կարգավիճակում Թրամփի քաղաքական ասպարեզ մուտքով ի՞նչ է փոխվելու... Միթե Ադրբեջանը դադարեցնելու է ռազմական հռետորաբանությու՞նը, դառնալու է առավել վստահելի գործընկեր բանակցությունների սեղանի՞ն, թե ԱՄՆ դաշնակից Թուրքիան է վերածվելու առավել հանդուրժող ու վստահելի հարևանի... Իհարկե՝ ոչ...
ԱՄՆ քաղաքականությունը շատ գլոբալ է, ընդգրկուն, ու այդ մեծ համակարգում նշածս բաղադրիչները շոշափելի, երբեմն էլ տեսանելի չեն...ուստի մենք իրավունք չունենք փոփոխելու անվտանգային մեր օրակարգը, որը պատերազմի պատրաստվելն է, ռազմական ոլորտի բարեփոխումներն են ու պետականության հիմքերի ամրապնդումը....

 

Ալեն Ղևոնդյան