Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանը... 20-րդ դարասկզբի առաջին հայկական պաշտոնական պարգևներից էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանը: Ներկայացնենք որոշ ուշագրավ տեղեկություններ այդ շքանշանի վերաբերյալ, ավելի շուտ' շքանշանների, քանի որ նրանք պատրաստվել էին երկու առանձին տարբերակներով՝ աշխարհականների և հոգևորականների համար (նկարում՝ աշխարհականն է):
Շքանշանը սահմանվել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կողմից դեռևս 1911 թվականին, և շքանշանի վրա նշված են հենց այդ տարեթիվն ու կաթողիկոսի անվան «Գ-Ե» սկզբնատառերը։ Սակայն առաջին պարգևատրման մասին տեղեկություն է հայտնվում արդեն Հայաստանի անկախ պետականության տարիներին: Քանի որ հայ եկեղեցին մեծ կարևորություն էր տալիս և աջակցում էր անկախ Հայաստանի դեպի Արևմուտք կողմնորոշմանը, 1919 թ. հոկտեմբերի 1-ին կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան է շնորհում Հայաստանում Ֆրանսիայի ռազմական ներկայացուցիչ Անտուան Մարի Ժոզեֆ Պուադըբարին։ Նույն պարգևը շնորհվում է նաև Անդրկովկասում Մեծ Բրիտանիայի կոմիսարի Հայաստանյան ներկայացուցիչ կապիտան Գ. Ֆ. Գրիսին 1920 թ. հունվարի 24-ին։ 1920 թ. մարտին Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանը մեկնում է Լոնդոն, և այդ այցելության ընթացքում տեղի առաջնորդ Աբել վարդապետ Նազարյանի հետ որոշվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանի տեսակներն ու կարգերը՝ շնորհելով նրան երկու տեսակ և երեք կարգ. աշխարհականների և հոգևորականների համար, Ա (ոսկի, քարերով), Բ (ոսկի), Գ (արծաթ) աստիճանների: Այդ ժամանակ Լոնդոնում էր նաև նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը, ով հնարավոր է մասնակցել է շքանշանների պատկերների վերջնական ձևավորման աշխատանքներին։
Հետաքրքիր են նաև հետագա պարգևատրումները. 1920 թ. հոկտեմբերի 14-ին շքանշանը շնորհվում է ամերիկաբնակ դոկտոր Փառնակ Ադամյանին, 1921 օգոստոսի 1-ին՝ Գալուստ Գյուլբենկյանին, օգոստոսի 7-ին՝ Գրիգոր քահանա Մանդակունիին ու Երվանդ Այվազյանին, սեպտեմբերի 9-ին՝ Զորավար Անդրանիկին և 1919-ին նրա ղեկավարած «Հայ կարոտյալների օգնության» Մանչեսթերի հանձնաժողովի յոթ անդամներին, նաև՝ Պողոս Նուբարին ու Գաբրիել Նորատունկյանին։ Շքանշանները պատրաստվել էին Լոնդոնում սահմանափակ քանակությամբ տեղի առաջնորդի հսկողության ներքո ու այնուհետև տեղափոխվել Հայաստան 1921 թ. կեսերին։ Հայտնի է նաև, որ ընդհանուր առմամբ պատրաստված են եղել 47 աշխարհական և 43 հոգևորական շքանշաններ:
Ռուբեն Շուխյան