Անիտա Հախվերդյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Լիլյան գնում էր դաշնամուրի մեր տակի #10 երաժ. դպրոց, գնում էր մի կերպ, դժգոհելով, Էլվիրան սիրով գնում էր Պիոներ պալատ պարի Օսիկ մոտ, ես գնում էր ջրացատկի ու թենիսի, Ռուզանը մակրամեի խմբակ, Մետաքսիան / կարճ՝ Մետան/ ոչ մի տեղ չէր գնում. Շահումյան դպրոցի կոմսոմոլի քարտուղարի օգնականն էր, բացի սրանից նորածին քրոջն էր պահում, Կարինեն էլ ժամանակ չուներ, քանի որ ամիսը մեկ ծնողների հետ Մոսկվա էր մեկնում:
Մեր բակում կային էլի կարկառուն դեմքեր, բայց դե բոլորի մասին գրելու տարբերակ չկա: Բոլորս 11-12 տարեկան էինք, ունեինք տարաբնույթ նախասիրություններ, որոնք և անմիջականորեն ազդում էին ամեն մեկիս արտաքնի ու պահվածքի վրա: Այս տեսությունը ի հայտ եկավ եվ հաստատվեց երբ ծնողներս Գերմանիայից ինձ բերեցին սաբոներ:
Սաբո բառի մեջ արդեն կախարդանք կար, տեսքի մեջ՝ չտեսնված պտուղի ձգողական ուժ: Տակը փորաքրած փայտից էր, ինքը՝ բրեզենտից ու կաշվե ծաղիկ կար վրան:
Հագա ու իջա բակ, բակը լռվեց:
Մեկ էլ էդպիսի ստոպ-կադրեր լինում էին, երբ մուտքից դուրս էր գալիս երգչուհի Սյուզան Մարգարյանը, ով մի ժամանակ մեր կողքի շենքում էր ապրում: Երբ մենք բակում գործագործ էինք տժժացնում ու հեռուստացույցի մեջի երգչուհին շենքի մուտքից դուրս էր գալիս գնդակը փուստ էր գնում, իսկ մենք՝ արձանացած հայացքներով ճանապարհում էինք իրեն մինչև դալան: Նա աննկարագրելի սիրուն էր հագնվում ու նույնքան սիրուն ժպտում էր մեզ ու դա հրաշքի էր հավասար:
Սաբոները հագա ու իջա բակ:
- Վա՜խ, Մոսկվայում տեսել էինք էս կոշիկներից,- ասեց Կարինեն,- հաջորդ անգամ մամայիս կասեմ անպայման ինձ էլ առնի:
Էլվիրան ուզեց փորձել ու գտավ, որ դրանցով պարել դժվար կլինի: Ռուզանը առաջարկեց բրեզենտի վրա ասեղնագործել.- Ազիզ, մի քիչ տեսք տանք, որ ավելի սիրուն դառնան:
Մետան նայեց-նայեց .- Դպրոց չես հագնի, ուրեմն շատ լավը չեն: Էլվիրան թռավ դեմքին.- Մետա աղջիկ, դու մի հագիր, դպրոցից էն կողմ բան չես տեսնում:
Լիլյան էլ էդ երեկո տնեցիների առաջ խիստ ուլտիմատում դրեց. կամ՝սաբոներ, կամ՝ վերջ դաշնամուրին:
Սաբոների համբավը նույն օրը հասավ մեր կողքի փոսի բակ: Փոսի բակի աստղն էր թենիսիտ Սաքոն: Սաքոյի կանաչ աչքերը Ռուզանին հունից հանում էին ու դա հեչ լավ չէր ոչ Ռուզանի համար, ոչ՝ Սաքոյի, ոչ էլ՝ իմ: Սաքոն կարողանում էր կենտրոնանալ միայն սպորտային աղջիկների վրա, իր թիրախում ես էի ու նա ինձ մոտ կայանալու տարօրինակ տարբերակ էր մշակել: Մեր շենքի պատին թենիս էր խաղում, պարբերաբար փշրելով երաժ. դպրոցի ապակիները: Ես ունեի տառապող Ռուզան ընկերուհի, Սաքոն՝ զրո շանսեր:
Այդ երեկո բակում կազակի-ռազբոյնիկի էինք խաղում ու այգում պահ մտնելու ժամանակ սաբոն ոտքիցս թռավ: Թռավ ու մթության մեջ կորավ: Մինչ ուշ գիշեր ման եկանք, մի հատ սաբոն չկա ու չկա: Մի կոշիկով տուն բարձրացա ու ծեծ կերա:
Հաջորդ երեկո մեր ցայտաղբյուրի մոտ բուսնեց Սաքոն:
- Աչքերդ փակիր,- կինոյական ձայնով ասեց ինձ ու հատիկ սաբոն պարզեց,- սաղ գիշեր ման եմ եկել:
Տվեց ու էլի կինոյական անհետացավ: Բոլորը նայեցին Ռուզանին: Ռուզանը մելամաղձոտ ժպտաց.
- Ախչի, Զոլուշկա կինոն էր էս: Բա՞ իմացել եք 5-րդ հարկի Գեղամը ինձ հրավիրել ա կինո…