Այսօր արթնացա մի փոքր այլ զգացուղություններով: Չնայած վերջին տարիներին երբեմն ունենում եմ նման զգացողություն: Բայց այսօր այն ուրիշ էր: Այս առավոտն այլ է, նման չէ բոլոր այն առավոտներին, երբ արթնանում էի նույն մտքերով ու նույն զգացողոււթյուններով: Ինձ համար միևնույն էր կքնեմ, կարթնանամ, ի վերջո իմ բոլոր օրերն իրար նման են: Իմ շուրջն ամեն ինչ նույնն է, նույն պատկերներն են, նույն գույները, նույն պատուհանը, որից այն կողմ չգիտեմ էլ' ինչ է. ինձ երբեք հարմար չի եղել պատուհանից դուրս նայելը, այն շատ ավելի բարձր էր, քան ես:
Աղոտ պատկերներ մանկուց եմ հիշում, երբ ինձ գրկելով բարձրացնում էին' փորձելով ցույց տալ'ինչեր կան իմ պատուհանից դուրս: Ես այդ ամենը փորձում եմ մտապահել, իսկ հիմա բավականին ծանր եմ այդ ամենը նորից տեսնելու համար… Եվ քանի որ տարանջատել էի ինձ անգամ իմ սեփական անձից, դուրս գալ ու պարզերես լինել կյանքին, չէի կարող: Իմ մտքերը, ոտքերիս պես գամվել էին անվասայլակիս: Եվ մնում է պարզապես հաշտվել ինքդ քեզ հետ, որ շարունակ եսիդ հետ մարտի դաշտում չհայտնվես. չէ որ ոչինչ այնքան սարսափզդու չէ, որքան այն, երբ ստիպված ես գոյությունդ քարշ տալ օրերիդ հետ և սպասել անհնարին թվացող մի փոփոխության: Գիտակցում, որն արդեն մաշում է ուղեղդ, ու օրերիցդ խլում տարիներ: Բայց այսօրը, այս առավոտը, այս օրվա լույսը, որ պատուհանիցս ներս է սողոսկել մի անկոչ հյուրի պես, ինձ դուրս է կանչում: Ու ես սկսում եմ վախենալ իմ մտքերից:
Եվ հենց այն ժամանակ, երբ ողջ քաղաքն է խոսում ( հա՛, հա՛, ես այդ ձայները լսում եմ, երբ պատուհանս բացում են' սենյակս օդափոխելու նպատակով), ես սկսում եմ լսել քաղաքի ձայները, թե ինչպես են փողոցները խոսում, մայթերն աղմկում, մինչև անգամ բնության ձայներն եմ լսում, իսկ ես վախենում եմ իմ մտքերից ու պետք է լռեմ: Ես վախենում եմ անգամ մտածել, որ կարող եմ դուրս գալ, ես այդ մտքից անգամ վախենում եմ շնչել: Բայց երբեմն լինում են անսպասելի իրավիճակներ, որոնք հետևանքներ են ունենում:
Սովորականի նման օր էր, տարբերվում էր միայն նրանով, որ իմ ' հիմարիս մտքում դրսում հայտնվելու ցանկություն էր առաջացել: Չնայած նրան, որ դա ինձ համար փակված թեմա էր. ես ինքս էի այդպես կամենում: Իսկ օրը իր սովորական հունով գնում էր, իմ մտքերն էլ ինձ էին մնում, բայց ինքնազգացողությունս գնալով վատանում էր. իմ պարագայում նման դեպքեր շատ են լինում, հարկավոր էր շտապօգնության կանչ տալ, և ամեն բան կկարգավորվեր: Բայց այդպես չեղավ: Գուցե վիճակս ավելի ծանր գնահատեց բժշկուհին, և անհապաղ հիվանդանոցային պայման նշանակեց: Հենց շտապօգնության մեքենայով էլ ինձ հիվանդանոց տեղափոխեցին:
Ամեն բան բարեհաջող ավարտ ունեցավ. ինձ մոտ պարզապես ճնշման անբացատրելի անկում էր նկատվել, բայց բժիշկների հսկողությամբ շատ արագ կարգավորվեց: Ես պետք է ընդամենը մեկ օր անցկացնեի հիվանդասենյակում: Տարօրինակ էր, բայց դա ինձ ուրախացրեց: Երբ բոլորը գնացին, ես բուժքրոջը խնդրեցի' ինձ բակ իջեցնի, որից հետո ես մի փոքր միայնակ կմնամ: Խոստացա միայն տարածքում շրջել (անվասայլակս հարմարավետ էր, ես կարող էի դրանով ինքնուրույն տեղաշարժվել): Բայց հիվանդանոցի բակը չէր, որ ուզում էի տեսնել: Ես իմ <<պատուհանից դուրսն>> էի ուզում, քաղաքի ձայնն էի ուզում լսել, ավելի մոտ լինել էի ուզում բնության գույներին: Մի քիչ վախը սրտումս' ես դուրս եկա հիվանդանոցի բակից' փորձելով խուսափել մարդկանց հայացքներից, որպեսզի հետ քայլ չանեմ:
Անծանոթ է շուրջս ամեն ինչ: Ինձ համար օտար ու խորթ է դրսում կատարվող ամեն բան: Անծանոթ են ինձ մարդիկ, մարդկային շփումները, նույնիսկ ծանոթ մարդիկ են անծանոթ իրար: Նայում եմ շուրջս ու տեսնում անծայրածիր փողոցներ' խորդուբորդ ճանապարհներով, մեկը մյուսի մեջ խճճված, այդքան մոտ, բայց լրիվ անծանոթ իրար ու տարբեր անուններով: Բայց ինչո՞ւ եմ զարմանում. մարդիկ էլ են այդպիսին, ու էլի տարբեր անուններ ունեն: Փողոցներն էլ են անծանոթ լինում, նրանք էլ են անուններ ունենում… Ամենից հաճելին, ինչպես որ մտածում էի, բնության գույներն են, որոնց կարելի է ժամերով նայել ու տարբերել միմյանցից, հստակ են ու պարզ: Ահա երկինքը' կապույտ է ու կապույտ, ինձ ջերմացնող ոսկեզօծ արևը, որին մի փոքր անկուշտ հայացքով եմ նայում, չէ որ ես միշտ նրա տաքությունը պատուհանիցս գողի պես ներս մտնելիս եմ միայն զգացել, իսկ ծառերը, կանաչով պատված, ինձ շունչ են տալիս, նոր շունչ, որով այժմ այլ կերպ պիտի ապրեմ: Ինչքան գեղեցիկ ու հետաքրքիր է ամեն բան, բայց միևնույն ժամանակ որքան բարդ:
Այնքան հարցեր են ինձ մոտ առաջացել, որոնց համար պատասխաններ եմ փնտրում: Բայց ինչպես արդեն գիտեմ, ամեն բան իր ժամանակին ես հասկանում, ու յուրաքանչյուր հարցի պատասխան հստակ իմանում ես, երբ գալիս է դա իմանալու տարիքը: Բայց տարիքն էլ երբեմն այնքան հանելուկային է թվում: Երբ փոքր ենք (դա էլ հասկանում ենք, որովհետև այդպես մեզնից մեծերն են ասում), թվով' տասնհինգ, տասնվեց տարեկան, քսանից բարձրը մեզ համար մեծ է թվում. օ~, այդ ժամանակ որքան շատ բան կիմանանք ու կհասկանաք, իսկ արդեն հիսունն անց մարդիկ ծեր են մեզ համար:
Բայց գալիս է այդ քսանից բարձրը, ու հասկանում ես' դեռ այսքան էլ պիտի ապրես, որ հասկանաս, կամ գուցե էլ չհասկանաս, բայց արդեն վախենում ես, որովհետև տասնհինգում մտածել ես, որ հիսունն արդեն ծեր է… Ես միայն մի բան եմ ամենից շատ ուզում' ամեն ինչ հասկանալ ու իմանալ ճիշտ տարիքում: Իսկ երբեմնի հարցերը, որոնք հաճախ առաջանում են' ինչո՞ւ է այսպես կամ այնպես, դա լինում է բոլորի մոտ: Տվյալ պարագայում պետք չէ փնտրել այդ «ինչո՞ւ»-ի պատասխանը, դու այդտեղ խնդիր ունես լուծելու, իսկ երբ այն լուծես, կգա ժամը նաև հասկանալու: Ես արդեն քսանյոթ տարեկան եմ, ու նոր քայլեր սովորող մանկան պես սկսեցի «քայլել», երբ իմ ու կյանքի միջև առաջացած խնդիրը գտա: Մինչ այժմ ես ոչինչ չգիտեի, փակվել էի տանը, չէ տանն էլ չէ, պարփակվել էի ինքս իմ մեջ ու իմ աշխարհից այն կողմ ուրիշը չէի տեսնում, որովհետեև չէի կարողանում քայլել: Պատուհանից դուրս ինձ համար այլ մոլորակ էր ու այլ կյանք: Մինչև մի գեղեցիկ օր ինձ սկսեց ավելի ու ավելի հետաքրքիր լինել պատուհանի մյուս կողմը: Եվ հենց այդ ժամանակ հասկացա, որ պարտադիր չէ քայլելու համար ոտքեր ունենալ: Ու սկսեցի ավելի հաճախ քայլերս անել «պատուհանից դուրս»:
……
Ես հիմա հասել եմ այնտեղ, ուր մարդիկ նույնիսկ առողջ ոտքերով չեն կարող հասնել, իսկ ես անգամ վախեցել եմ երազել այս մասին:
Արուսիկ Քանդիկյան