Կաշեյ Բեզսմեռտնին ու մեր քաղաքական իրականությունը

Հերթական գազելային պատմությունը թարմ-թարմ ու տաք-տաք ներկայացնեմ իմ ամենօրյա քրոնիկոնում: Երթուղայինից օգտվողների համար իհարկե գաղտնիք չէ, որ առավոտյան ժամերին գազելում ազատ տեղ գտնողները մեղմ ասած բախտավոր աստղի տակ են ծնվել ու հիմնականում մարդիկ մի << ընտանիք >> դարձած՝ իրար գրկած, իրար կողք խցկված, իսկ ամենադժբախտներն էլ ոտքի մեկ մատի վրա հազիվհազ կանգնած ու պատուհանից դուրս չընկնելու գերջանքեր գործադրելով՝ գնում են իրենց գործերը հասցնելու: Դե իհարկե այսօրվա առավոտն էլ բացառություն չէր ու ես ու իմ ժամանակավոր << ընտանիքի>> 4 անդամները նստել էինք մի նստարանի վրա ու հուսով սպասում էինք, թե երբ է գոնե մի տեղ ազատվելու ու երբ ենք մենք առանձնանալու: Ընտանիքիս անդամներից մեկը մի սպիտակած ու շատ տառապած աչքերով կին էր, ով քթի տակ ինչ-որ բան էր մրթմրթում: Երբ կինը նկատեց, որ ես զարմացած իրեն եմ նայում՝ սկսեց ինձ պատմել իր մտահոգությունների մասին: Թե բա քանի տարի է էս վիճակն է՝ ոչ երթուղայիներն են աշխատում, ոչ մենք ենք աշխատում, երկիրը դատարկվում է ու դա էլ հերիք չէ՝ լավ լինելու հույս էլ չկա, որովհետև էս մեր իշխանությունները գնացող տպերը չեն՝ դրանք սաղ կքանդեն ու մինչև վերջ կուտեն: Էհ...Իհարկե ես փորձեցի կնոջը համոզել, որ ամեն ինչ կփոխվի և այլն, բայց ընթացքում անընդհատ մտածում էի, թե ո՞նց են մեր հարգարժան իշխանությունները հասել նրան, որ երկրում Կաշեյ Բեզսմեռտնիին համահավասար միֆ են ստեղծել: Մարդիկ այնքան են հավատում, որ ներկայիս իշխանությունները հավերժ են ու երբեք չեն փոխվելու, որ չեմ զարմանա, եթե մի օր լեգենդ հյուսվի այն մասին, որ հանրապետականներին հաղթելու միակ միջոցը գտնվում է յոթ սարերի հետևում թաքնված, գողտրիկ ժայռերի ամրակուռ քարերից հոսող ու գահավիժող ջրվեժի կողքին խաղաղ ալիքներով ծածանվող ծովի հատակին: Եվ ահա, այդ մաքրամաքուր հատակին կա մի կապույտ, հսկայական կետ, կետի ստամոքսում նավաբեկորներ, նավաբեկորների մեջ մի փոշոտված սունդուկ, սունդուկի մեջ մի նապաստակ, նապաստակի ձեռքին մի գազար, գազարի կանաչ պոչին մի փոքրիկ որդի թրթուռ, թրթուռի վրա մի ձու, ձվի մեջ մի չկայացած որդ, որդի ոտքերի վրա մի մազմզուկ, մազմզուկի վրա մի աննշան միկրոբ, միկրոբի մեջ մոլեկուլ և հենց այդ մոլեկուլն էլ կրում է իր մեջ ինֆորմացիա, թե ինչպես իշխանափոխության հասնել: Եվ այսպես ճեղքում ենք մոլեկուլը և....և պարզվում է, որ այնտեղ ոչ մի ինֆորմացիա չկար, սխալ ծով էինք մտել ու սխալ սունդուկ բացել....Իսկ այդքան միֆականացված բանաձևն իրականում շատ պարզ է՝ ՀՀ-ում հնարավոր է հասնել փոփոխության ընտրությունների միջոցով: Ընտրությունները պետք է միտված լինեն քաղաքական սերնդափոխության իրագործմանը, որպեսզի երկրում աթոռներին ձուլված, ոչ արդյունավետ քաղաքական հայացքներով պաշոնավարողները իրենց տեղը զիջեն նոր, ավելի դինամիկ մտածելակերպով սերնդին: Այդ պարագայում մենք չենք ունենա էլիտայի փակ շրջանառություն, հետևաբար և իշխանություններին չենք ընկալի, որպես անսասան ու հավերժ Կաշեյներ....

 

Անիկ Մարգարյան