Իրանական ցեղերի ընտրական համատեղ շտաբի նախագահ, ազգությամբ քուրդ Մոհամմադ Մոհամմադռեզային պաշտոնապես ներողություն է խնդրել ԻԻՀ այն բոլոր քաղաքացիներից, որոնց 2013թ.-ին ուղղորդել են նախագահական ընտրություններում ընտրել Հասան Ռուհանիին: Շտաբի պետի կարծիքով Ռուհանին չի հետևել իրանական ցեղերի մասով իր խոստացած ծրագրին, որի շնորհիվ, ըստ Մոհամմադռեզայիի, կարողացել էր ստանալ մեծ թվով ձայներ ԻԻՀ մի շարք նահանգներից և ընտրվել նախագահ:

 

Առաջիկայում սպասվող ընտրություններում որպես «Ռուհանիի լավագույն այլընտրանք» Մոհամմադռեզային առաջարկել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի թեկնածությունը:

 

Հատկանշական է այն, որ Ալի Շամխանին Իրանի մասամբ արաբաբնակ Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում է ծնվել և ազգությամբ արաբ է: Իրանի քաղաքական դաշտում Ալի Շամխանին համարվում է արաբական երկրների հետ ԻԻՀ հարաբերությունների համակարգող, և վերջինս հատկապես լավ կապեր ունի Իրաքում և Սիրիայում:


Իրանական ցեղերի ընտրական համատեղ շտաբի նախագահը հայտնել է նաև, որ մոտ օրերս հանդիպելու է Ալի Շամխանիի հետ' քննարկելու նրա թեկնածության հարցը:

 

Մինչև Ալի Շամխանին ԻԻՀ քաղաքական տարբեր շրջանակներում քննարկվում էր նաև հայտնի հրամանատար, ԻԻՀ-ում ժողովրդական չափազանց բարձր վարկանիշ ունեցող Ղասեմ Սոլեյմանիի թեկնածության հարցը, սակայն վերջինս հայտարարել է, որ չի պատրաստվում թողնել ռազմական գործը և մտնել քաղաքականություն:

 

Արտյոմ Տոնոյան