Մայիսի 30-ին, Պերուում նշվում էր կարտոֆիլի ազգային օրը: Այո, այո, այս համեղ բանջարեղենը համարվում է Պերուի պարծանքն ու հպարտությունը և տարվա մեջ հատուկ իրեն նվիրված օր ունի: Թեև շատերն առաջարկում են այդ օրը նշել դեկտեմբերի 3-ին, որովհետև հենց այդ օրը մոտ 450 տարի առաջ կարտոֆիլն առաջին անգամ ոտք դրեց Եվրոպա:


Կարտոֆիլի հետ եվրոպացիներին ծանոթացրեց Պեդրո Սիեսա դե Լենոուն՝ իսպանացի մի պաշտոնյա: Հարավային Ամերիկայում ոսկի փնտրելիս նա հնդկացիների մոտ կարտոֆիլ հայտաբերեց ու զարմանքով գրեց իր բացահայտածի մասին. «Եփելուց հետո այն դառնում է փափո՜ւկ, փափո՜ւկ, այն չունի ոչ հաստ կեղև, ոչ կորիզ: Այն արտադրում է խոտը, հենց այնպես, ինչպես մի սովորական դաշտային ծաղիկի»:


Կարտոֆիլ առաջինն աճեցրել են Պերուում բնակվող հնդկացիները գրեթե 4000 տարի առաջ: Այն, որ Պերուն կարտոֆիլի հայրենիքն է, հաստատվեց բոլորովին վերջերս և պերուացիները սարսափելի ուրախացան դրա համար: Բանն այն է, որ հարևան պետությունը՝ Չիլլին, շարունակ փորձում էր ապացուցել, որ հենց ինքն է առաջինը կարտոֆիլ աճեցրել:

 

Երբ կարտոֆիլը մուտք գործեց Եվրոպա, նրան շատ սառը դիմավորեցին, անգամ վատ լուրեր էին տարածում նրա մասին, թե կարտոֆիլը բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Բայց 18-րդ դարի վերջում մի սովորական օր Մարիա-Անտուանետա թագուհին որոշեց իր զգեստը զարդարել կարտոֆիլի ծաղիկներով: Կարտոֆիլային համաճարակը անմիջապես տարածվեց: Պրուսիայի (նախկին Գերմանիայի) արքա Ֆրիդրիխ Մեծն էլ սպառնաց կտրել իր երկրի հողագործների քիթն ու ականջները, եթե նրանք հրաժարվեն կարտոֆիլ աճեցնել: Անգլիայում էլ կարտոֆիլ աճեցնելու համար ոսկե մեդալներ էին շնորհում:
Ինչ անուն ասես, որ չեն տվել կարտոֆիլին: Սկզբում նրան կոչում էին «հողե տանձ», հետո «սատանայական խնձոր»: Եվ թեև սկզբում մարդիկ շատ բացասաբար էին ընդունում կարտոֆիլին, անգամ կարտոֆիլի դեմ ցույցեր էին կազմակերպում, բայց շուտով հասկացան, որ կարտոֆիլն իրականում սարսափելի համեղ և միևնույն ժամանակ մատչելի ուտելիք է: Զարմանալի չէ, որ բոլոր երեխաները պարզապես պաշտում են կարտոֆիլից պատրաստված ուտեստներ, չէ՞ որ այն շատ հարուստ է վիտամիններով:


Ահա այսպիսինն էր կարտոֆիլի պատմությունը, տարիների ընթացքում այն տարածվեց երկրագնդի բոլոր անկյուններում, շատ երկրներում կանգնեցվեցին հուշարձաններ կարտոֆիլի պատվին, իսկ 1995 թվականին այն դարձավ առաջին բանջարեղենը, որը աճեցեց տիզերքում «Կոլումբիա» տիեզերանավի մեջ: Եվ, ով իմանա, դեռ ուր կարող է հասնել մեր սիրելի կարտոֆիլը:

 

Արթուր Տեր-Մելիքսեթյան