Երեկ 85 կողմ ձայներով ԱԺ-ում ընդունվեց կառավարության ծրագիրը և կարող ենք ասել, որ Կարեն Կարապետյանի վարչապետությամբ ձևավորված նոր կառավորությունն արդեն, իսկապես, կարող է անցնել գործի: Մինչ կառավարության ծրագրի կազմումը, արդեն իսկ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը մեծ արձագանք ստացավ հայաստանյան քաղաքական դաշտում: Նախ փորձում էին պարզել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, իսկ այժմ՝ արդյո՞ք կարող է նա հանել հայաստանի տնտեսությունը այն ծանր վիճակից, որը այդպես որակել էր հենց ինքը՝ վարչապետը:

 


Կարեն Կարապետյանի և կառավարության կողմից մշակված նոր ծրագիրը հետաքրքրություն էր առաջացրել շատերի մոտ: Սպասումները մեծ էին: Վարչապետի անձի շուրջ հյուսվող դրական կերպարի ֆոնին շատերը շունչները պահած սպասում էին, իսկ բովանդակությամբ այն կտարբերվի արդյո՞ք նախորդներից:
Նոր ծրագիրը տարբերվում էր նախորդներից իր հակիրճությամբ՝ ընդամենը 33 էջ: Բայց բովանդակային առումով, ցավոք, ոչ մի էական տարբերություն: Մակերեսային մոտեցումներ, հասարակությանը հուզող մի շարք առանցքային հարցերի մասին ոչ մի խոսք, ձևակերպումների անորոշություն և այլն: Պատահական չէ, որ ծրագրի ներկայացման ընթացքում տրվեցին շատ հարցեր, շատերը սուր քննադատեցին՝ հիմնավորելով, որ այն ոչ մի նոր բան չի ասում: Այս քննարկումները, բարձրացված հարցադրումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունն այսօր ոչ միայն պատրաստ է բովանդակային քննարկումների, այլ բացառապես բովանդակային քննարկումներ ու բովանդակային լուծումներ է պահանջում իշխանություններից:

 


Կարեն Կարապետյանը իր ելույթում նշում էր.
Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակն է հանրապետությունում բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝
• պաշտպանվածությունը,
• արժանապատվությունը,
• կենսամակարդակի բարձրացումը,
• արդար հասարակության մեջ ապրելը,
• ապագայի նկատմամբ լավատեսությունը։

 


Ինչ խոսք, գեղեցիկ խոսքեր են: Հենց դա է երկար տարիներ ցանկացել տեսնել մեր հասարակությունը: Խնդիրը այն է,թե որքանով է անձը, տյալ դեպքում՝ Կարեն Կարապետյանը լուծելու այդ խնդիրները: Նրա նշանակումը կարծես փրփուրներից կառչած խեղդվողի վերջին ջղաձիգ փորձն է դուրս գալ ճահճից, փորձելով մնալ մակերեսին, այլ ոչ թե դուրս գալ հենց ճահճից: Բանն այն է, որ հասարակությանը կերակրելով դրական սպասումներով' իշխանությունը ավելի մեծ ռիսկի է գնում, քանի որ չարդարացված սպասումները կարող են հանգեցնել ավելի հուժկու ընդվզման, որն արդեն իր հետ կսրբի-կտանի քաղաքական դաշտի ողջ “փրփուրը”:

 


Մեր երկրի իրական պատկերը և նրա նման ''եկած և գնացած'' կառավարությունները հնարավորություն չեն տալիս մինչև վերջ լավատեսորեն վերաբերվել նոր կառավարությանը: Կարապետյանի ծրագիրը ավելի մեծ վստահություն կներշնչեր, եթե այն քրեական պատասխանատվության ենթարկեր պետական փողերը անօրինաբար մսխած անձանց: Իրականում սահմանափակվում են միայն որոշներին պաշտոններից ազատելով:

 


Հայտնի ճշմարտություն է, որ սպասումների և իրականության անհամապատասխանությունը հանգեցնում է ֆրուստրացիայի, որն իր հերթին վերածվում է մեղավորների փնտրտուքի, ու այդ ժամանակ առաջացած դեպրիվացիոն ալիքը հաստատ չի խնայի ոչինչ և ոչ մեկին' ևս մեկ անգամ հայ հասարակությանը ներքաշելով հակամարտությունների, երկպառակության, անվստահության ու ապատիայի կործանարար հորձանուտ:

 

Արմինե Գևորգյան