Ռուսաստանից Հայաստան մոտ օրերս ТОС-1А «Солнцепёк» համակարգերի առաքման մասին այսօր տարածված տեղեկատվության ֆոնի վրա ադրբեջանական մամուլում և փորձագիտական շրջանակներում նոր թափով է տարածվել ՌԴ նախագահի խորհրդական Յ. Ուշակովի' լրագրողներին հայտնած այն միտքը, որ Հայաստանին «Իսկանդեր» հրթիռների մատակարարումը չպետք է անակնկալ լինի Ադրբեջանի համար, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է, և այդ դաշինքի շրջանակներում էլ Հայաստանին տրամադրվում է անհրաժեշտ սպառազինությունը:
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանում եղել են վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ, որոնց երևակայությունը հասել է այնտեղ, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող սպառազինության նոր խմբաքանակը համարել են խայծ' Ադրբեջանին նոր զինատեսակների գնումների մեջ ներքաշելու և դրանով ՌԴ դատարկվող բյուջեն լցնելու համար:
Մեկն էլ կողքից կարդացող լինի, կիմանա' Ադրբեջանի բյուջեն ֆինանսական հոսքերի առատությունից «պայթում է» ու դարձել է «նախանձի առարկա» Ռուսաստանի համար:
Արտյոմ Տոնոյան