Բոլոր փաստերը հուշում են, որ ադրբեջանական մամուլը (նաև հասարակության մի զգալի հատվածը) զուրկ է մտածողության տրամաբանական մեխանիզմներից, հակառակ դեպքում ՀՀ ԶՈւ-ի՝ նոր սպառազինությամբ համալրման մասին լուրը այսպիսի հիվանդագին անհանգստություն չէր առաջացնի այդ երկրում:

 


Մեկ ամիս անգամ չի անցել ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունից, ըստ որի՝ ՌԴ-ից ստացած վարկի շրջանակներում իրականացվող զենքի մատակարարումն ընթացքի մեջ է, ինչը նշանակում է՝ հայ վերլուծաբաններն Ամերիկա չեն հայտնաբերում՝ կրկնելով, որ հայկական բանակը շարունակում է համալրվել որոշ զինատեսակներով:
Բայց արի ու տես՝ հայկական բանակի նոր զինատեսակների մասին հրապարակումներն ուղղակի նեղ վիճակի մեջ են դնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Մի քանի օր առաջ «Իսկանդերներից» ազդված Իլհամ Ալիևը հայտարարեց, թե իր վրա փակ դռների հետևում ճնշում է գործադրվում՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար։ Այդ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները սառը ջուրը լցրին ալիևյան քարոզչամեքենայի այն քարոզչությանը, թե մինչև տարվա վերջ ԼՂ հարցում առաջընթաց կլինի, և հողերը «կազատագրվեն»։

 


Թեպետ ԱՄՆ և ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները (ԱՄՆ պետքարտուղար Քերրին և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել են, որ ԼՂՀ հարցի լուծման համար «նախադրյալներ չկան», և «լավատեսության հիմքեր չեն նկատվում») ուղղակի ստեղծված իրավիճակի արձանագրում էր, բայց այն չէր կարող չանհանգստացնել ալիևյան վարչակարգին, այն էլ երկրի ներսում օր օրի խորացող սոցիալական խնդիրների ֆոնին։

 


Հ.Գ. Ադրբեջանի ղեկավարության սին քարոզչական թեզը, թե իրականում «ռուսներն են Ղարաբաղը նվիրել հայերին», հենց այսպիսի պահերին աշխատում է իրենց դեմ։ Հասարակ քաղաքացու մոտ հարց է առաջանում. եթե ռուսներն են Ղարաբաղը նվիրել հայերին և դեռևս շարունակում են զենք մատակարարել նրանց, ապա Ադրբեջանն ո՞վ է, որ գլուխ տա գերտերության հետ։

 

Աշոտ Մովսիսիյան