Լրագրող, բլոգեր Սյունե Սևադան Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

«Առավոտում» էի աշխատում: Էդ ժամանակ 18 տարեկան էի, դեռ խակ եմ, նոր եմ փորձում տեմպին հարմարվել, մի քանի ամիս ա, ինչ աշխատում եմ: Մեր մշակութային էջի պատասխանատու, իմ շատ սիրելի Գոհարն ինձ ուղարկում ա երեկոյան ժամի ցուցահանդես լուսաբանելու ու ասում ա՝ հավեսով կգրես, սիրուն նյութ կանես: Ես էլ ասում եմ՝ ըհըն, առիթ ա խմբագրության վրա լավ տպավորություն թողնելու համար, թևերս քշտում եմ, ինձ քցում մեյդան: Համացանցում տվյալ նկարչի մասին քիչ ինֆո կար, բայց համարյա անգիր եմ անում ինչ տեսնում եմ, կտավներն եմ ուսումնասիրում, հարցերս գրում եմ, լուրջ դեմքս ու ձայնագրիչս խփում թևիս տակ, զինված գնում եմ ցուցասրահ:
Գիտեմ, որ տարիքով տղամարդ ա, բայց իր ֆոտոներից համացանցում չկար: Էդ սրահում էլ Աստված տվել չի խնայել ալեհեր մարդկանց: Գնում ամեն մեկի կողքը ոտքս կախ եմ գցում, որ արվեստագետների զրույցին ականջ դնեմ, տեսնեմ՝ իրար ինչ անունով են դիմում, որ իմ պետք եղած մարդուն գտնեմ: Չկա ու չկա, այլ մարդիկ են:

 

Վերջը, տեսա ինձնից շատ վատ Շերլոկ դուրս կգա, որոշեցի հետևել ժուռնալիստական երամին, տեսնեմ՝ ում են մոտենում, հետևներից գնամ:

 

Հիմնականում երեսունհինգ-քառասուն տարեկան մի կնոջից ու տղամարդուց են հարցազրույց վերցնում: Թաթերի վրա մոտեցա, սուսուփուս ձայնագրիչս մոտեցրի, պարզվեց՝ նկարչի աղջիկն ու տղան են: Լրագրողները ձայնագրեցին, կադրեր ու ֆոտոներ արեցին, արագ գնացին, ես մնացի մենակ: Բայց դե ինձ էդ ինֆոն քիչ ա, ինձ ասել են՝ լավ նյութ կբերես: Ես էլ տանը համով հարցեր եմ գրել նկարչի համար, սպասում եմ գա, որ էքսկլյուզիվ փոքր հարցազրույց էլ կցեմ ցուցահանդեսին ու զարմանում եմ՝ ինչի ոչ մեկի մտքով նման բան չի անցել: Արդեն մտածում եմ՝ էս ինչ բացառիկ լրագրող եմ ես, արդեն պատկերացնում եմ՝ ոնց են խմբագրությունում ինձ գովում, տիկին Իսրայելյանս հիացած վզիցս Պոզների նկարով մեդալ ա կախում, բոլորը ծափահարում են, գլխիս դափնիներ են թափվում, ես փառքի ճանապարհով Մամուլի շենքի 15րդ հարկից հպարտ և անբռնազբոս իջնում եմ ներքև...Արագ վերադարձա իրականություն:
Էլ սպասելու ժամանակ չկար, որոշեցի, որ ուղիղ հարցնելուց լավ տարբերակ չկա: Մոտեցա նկարչի աղջկան, ասեցի.
-Կներեք, իսկ Ձեր տաղանդավոր հայրիկը ե՞րբ կներկայանա ցուցադրությանը:
-...Պապան ութ տարի ա՝ մահացել ա:
Երեք օր դեմքիս մանթոն ոչ մի տոնային կրեմ չէր փակում: Խմբագրությունն էլ չհասկացավ՝ ինչի էի ցուցահանդեսի լուսաբանումներից նրբանկատ խուսափում:
Շնորհավոր Հայ մամուլի օրը: