Անիկ Մարգարյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
Թե ինչպես են մեր հասարակությունում Գենտլմանները խժռում Ջենտլմեններին
Վերջերս աչքովս ընկավ, թե ոնց էր մի կին ծանր տոպրակներով ու պայուսակով հազիվ անցնում փողոցը ու թվում էր' օգնության ակնկալիքով աջ ու ձախ նայում : Սկսեցի մտածել, թե ոնց է էդ ահռելի ծանրությունը միայնակ տանելու' մեկ էլ մտքիս վրա տեսնեմ մի փոքր տղա մամ գոռալով փաթաթվեց կնոջը, համբուրեց, վերցրեց ձեռքի տոպրակներն ու չնայած մոր հորդորներին' մի կերպ քայլելով առաջ ընկավ ու մորն ուղեկցեց դեպի տուն :
Էս տեսարանը չվրիպեց ոչ միայն իմ, այլև էդտեղ կանգնած մյուս մարդկանց աչքերից, ովքեր հիացած ու զարմացած մայր ու որդուն էին նայում : Եվ իհարկե հիացմունքի ու զարմանքի պատճառը ակնհայտ էր ' մեր օրերում էս տեսակ երևույթների շատ քիչ կհանդիպես, որովհետև գնալով մեր հասարակությունում ամոթալի ու հետամնաց է դառնում ջենտլմենության մշակույթը : Ակամայից հիշեցի ինձ հետ անգլերեն պարապող մի տղայի, ով Gentleman բառը Գենտլման էր կարդում ու հասկացա, որ գուցե ինքը ճիշտ էր' մեր երկրում գնալով ավելի են շատանում անուղղելի Գենտլմանները :
Գենտլմանների կարելի է հանդիպել ամենուրեք, բայց իրենց արմատացած մշակույթը ձևավորվել է դեռևս հին ժամանակներում, երբ որսորդության գնացող տղամարդիկ' միասին որսին դարանելու փոխարեն, առաջինը լինելու համար սկսում էին անիմաստ իրար հետևից վազվզել ու արդյունքում և որսն էին կորցնում, և սոված էին մնում :Եվ ահա ժամանակային անվրեպ էվոլուցիայի արդյունքում Գենտլմանները շարունակում են տարածել իրենց անկասելի գաղափարները :Իսկ ինչպե՞ս տարբերել նրանց: Գենտլմանները ավտոբուսում, բանկում, համալսարանում կամ անգամ թատրոնում սիրում են հափշտակել առաջին իսկ պատահած աթոռն ու հետո տարեց կնոջ կամ թեկուզ երիտասարդ աղջկա տեսնելիս դեմքը թեքել ու Թորիկի հայացքով երկնքում աղունիկներ փնտրել, որ հանկարծ իրենց տեղը չզիջեն : Քիչ չեն Գենտլմանները նաև քաղաքականությունում : Նրանք ևս առաջին իսկ պատահած աթոռը հափշտակելու զարմանալի սովորություն ունեն :
Քաղաքականությունով զբաղվում են սեփական շահերի բավարարման համար, առաջնորդվում են, ով «ավելի շատ առաջարկի նրան էլ կծառայեմ» սկզբունքով ու պետականամետության գաղափարները կեղծ պաթոսով ընդգծելու ճառային տեքստերով : Ասածիս հիմնավորումը վերջին Վանաձորյան ընտրություններն են, երբ Գենտլմանությամբ աչքի ընկնող ուժերը ապահովեցին ընտրական գործընթացի ԱՊԻաշնորհությունը և վերջնականապես իրենց սովորության համաձայն ամրապնդեցին' «էս երկրում ընտրությունով բան չես փոխի» ասողների ընկալումները : Եկեք սպանենք մեր ներսի Գենտլմանին, թույլ չտանք, որ Գենտլմանությունը ապոկալիպսիսի նման քանդի իսկական Ջենտլմենության վերջին արգասիքները ու ապրենք առողջ հասարակական ու քաղաքական ընկալումներով' վստահ լինելով, որ խնդիրները միշտ էլ լուծելի են, եթե դրանցով չեն զբաղվում «Գենտլմանները»: