«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Հունիսին էր այս տարվա։ Մատաղիսի դիրքերից մեկում Սամվելի հետ մի տասնհինգ րոպե զրուցելուց հետո «մտերմացանք»։ Սկզբից չխոսական էր, հետո ինչ որ պահի բացվեց միանգամից ու ինքն էր խոսում միայն։ Վաշտի հրամանատարը հեռացել էր մեզնից եւ հանգիստ խոսում էինք։ Մեկ էլ մի անկապ հարց տվի՝ Սամվել ինչ կուզեիր հիմա ամենաշատը։ Նայեց մարգագետնին ու ասաց․ «Ոտաբոբիկ քայլել խոտերի միջով»։

 

Ասացի՝ դե քայլիր, ինչ է խանգարում։ Ասաց՝ դե չեմ ուզում, որ տեսնեն ուրիշները։ Ասացի՝ լավ, սպասի մի բան մտածեմ, որ էդքան շատ ես ուզում։ Ասաց՝ չէ, չէ պետք չի, կատակ եմ անում։ Բայց ես զգացել էի, որ դա կատակ չէր։ Մոտեցա վաշտի հրամանատարին։ Ասացի՝ կլինի մի տասնհինգ րոպեով Սամվելի հետ զրուցենք քայլելով։ «Հա, քայլեք ինչ կա դրա մեջ»,-ասաց հրամանատարը։ Դիրքերից մի քիչ ներքեւ մի բլրակ կար։ Սամվելի հետ քայլեցի դրա ուղղությամբ։ Անցանք բլրակի հետեւը, ասացի՝ Սամվել, դե հանիր կոշիկներդ ու քայլիր, մենակ ես եմ տեսնում ու մարդու չեմ էլ ասի։ Սամվելը հանեց կոշիկները ու խոտերով սկսեց քայլել․․․ Քանի որ խոստացել եմ ոչ ոքի չասեմ սրա մասին, զինվորի իսկական անունը չեմ գրել։