Կոմիտասի ծննդավայրը' Քյոթահիա... Ապագա մեծագույն հայ երգահան Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հին օրացույցով) Փոքր Ասիայում (Արևմտյան Թուրքիա) գտնվող Քյոթահիա քաղաքում: Ներկայացվող 20-րդ դարասկզբի լուսանկարի վրա առաջին պլանում՝ հայկական եկեղեցու զանգակատունն է:
Սողոմոնի հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը Քյոթահիա էր տեղափոխվել Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Մեկ տարեկանում Սողոմոնը զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում' հորից, և մինչև 1881 թ. ապրում է հորական տատի՝ Մարիամի հետ, որը նրա համար փաստորեն երկրորդ մայր է եղել: 1875-ին փոքրիկ Սողոմոնն ընդունվում է Քյոթահիայի միջնակարգ ուսումնարան, որն ավարտում է 1880-ին:
1881 թվականը շրջադարձային դարձավ 12-ամյա Սողոմոնի համար: Երբ Քյոթահիայի հայկական թեմի առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը Էջմիածին էր գնում' եպիսկոպոս օծվելու նպատակով, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն պատվիրում է, որ նա իր հետ մի որբ երեխա բերի' Էջմիածնում կրթություն ստանալու համար: Քյոթահիայի 20 որբ երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտում է հենց Սողոմոնին։ Այդպես, ճակատագրի բերումով, 12-ամյա Սողոմոնը Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին, որտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողում բոլորի վրա, որն էլ այսուհետ փոխելու էր իր կյանքի ողջ ընթացքը:
Ռուբեն Շուխյան