Հայ ժողովրդի նվիրյալ զավակները. Համո Օհանջանյան և Ռուբինա Արեշյան... 20-րդ դարասկիզբը հայ ժողովրդի համար նշանավորվեց ազգային-ազատագրական պայքարի աննախադեպ վերելքով, որը ճնշվում էր ինչպես Արևմտյան Հայաստանում՝ օսմանյան կառավարության կողմից, այնպես էլ Հարավային Կովկասում՝ ցարական կառավարության:

 

1930-ականներին արված այս հազվագյուտ լուսանկարում՝ 1920 թ. Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Համո Օհանջանյանն է և իր կինը՝ այդ ժամանակահատվածում երկրի փաստացի առաջին տիկին Ռուբինա Արեշյանը: Այսօր քչերը գիտեն, որ Ռուբինա Արեշյանը 20-րդ դարասկզբի հայ հայրենասիրական երիտասարդության կուռքն էր հանդիսանում, որը տակավին 24 տարեկան' 1905 թ. իր զինակիցների հետ նախապատրաստել և իրականացրել էր Պոլսում սուլթան Աբդուլ Համիդի վրա մահափորձը. ժամացույցի միջոցով պայթեցվում է կառքում տեղադրված հզոր ռումբը, բայց սուլթանը հապաղում է մզկիթից դուրս գալու պահին և հրաշքով ողջ է մնում:

 

Ռուբինան ծնվել էր Թիֆլիսի կալվածատիրոջ ընտանիքում: Լինելով խիզախ ու համարձակ անձնավորություն, իր բարձր անհատականության շնորհիվ՝ նա վաղ հասակից ներգրավվում է հայ ազգային ազատագրական շարժմանը: Հետագայում, 1912 թ. ցարական կառավարության կողմից սանձազերծած շինծու և իր բնույթով հակահայկական «Դաշնակցության դատավարության» գործով, երբ իր մտերիմ զինակից Համո Օհանջանյանը կեղծ մեղադրանքով աքսորվում է Սիբիր, Ռուբինան նրա հետ մեկնում է աքսորավայր: Շուտով նրանք ամուսնանում են: 1915 թ. Ռուբինան Համո Օհանջանյանի հետ աքսորից կրկին վերադառնում է Հայաստան և ռազմաճակատային հոսպիտալներում աշխատում է որպես բուժքույր' օգնելով բժիշկ ամուսնուն: 1920-ի մայիսին, ստանձնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, Համո Օհանջանյանն ասում է. «Տաճիկ փաշաները մի կողմից, բոլշևիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանյան խաները մյուս կողմից՝ նորից սպառնում են Հայաստանի անկախությանն ու ազատությանը»:

 

1921 թ., անկախ Հայաստանի անկումից հետո, Օհանջանյանները հաստատվում են Կահիրեում, որտեղ Ռուբինան եռանդուն հայապահպան գործունեություն է ծավալում Համազգային հայ կրթական և մշակութային միությունում: Կահիրեում է ծնվում նրանց որդի Վիգենը: Ամուսնու մահից հետո Ռուբինան տեղափոխվում է Կանադա, որտեղ էլ 1971-ին մահանում է 90 տարեկան հասակում' մինչև իր կյանքի վերջը պահպանելով անկոտրուն հայրենասիրական ոգին:

 


Ռուբեն Շուխյան