Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը կուսակցության անունից պարտավորվել էր, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վանաձորում հօգուտ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ինքնաբացարկ կհայտնի, եթե.

 

1. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։

 

2. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։

 

3. ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու նախագիծ ներկայացնի ԱԺ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում հանդես է եկել հայտարարությամբ, որով.

 

1. Չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար եւ այս հարցին որեւէ անդրադարձ չի արել:

 

2. Չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ եւ այս հարցին որեւէ անդրադարձ չի արել:

 

Ժամը 18.00-ի դրությամբ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախագիծ չի ներկայացրել ԱԺ:
Այսպիսով՝ Էդմոն Մարուքյանը եւ ի դեմս նրա՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկի բոլոր երեք կետերը, ինչը նշանակում է, որ մենք շարունակելու ենք մեր ընտրապայքարը Վանաձորում եւ շարունակում ենք պնդել «Լուսավոր Հայաստանի» եւ Էդմոն Մարուքյանի գործունեության վերաբերյալ մեր կուսակցության Վարչության ներկայացուցիչների՝ նախկինում արած հայտարարությունները:

 

Ինչ վերաբերում է մեր հեղինակած Իմպիչմենտի նախագծին, ԱԺ պատգամավորը պարտավոր էր իմանալ, որ ԱԺ-ի կողմից այն մերժվելուց հետո դուրս է եկել շրջանառությունից եւ հիմա ԱԺ-ում շրջանառվող փաստաթուղթ չի համարվում, ուստի այլ պատգամավորների միանալը դրան հնարավոր չէ:

 

Դրան միանալ կամ դրա օգտին քվեարկել հնարավոր էր այն ժամանակ, երբ փաստաթուղթը ԱԺ-ում գտնվում էր շրջանառության մեջ, ինչը պարոն Մարուքյանը չի արել:

 

Հ.Գ. Hetq.am-ը փորձում էր բանավեճ կազմակերպել պարոն Մարուքյանի եւ իմ միջեւ: Ես համաձայնեցի, բայց հենց նոր իմացա, որ պարոն Մարուքյանը ցավոք հրաժարվել է: